Եվրամիության երկրների կառավարությունները դիտարկում են Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) տնօրենի պաշտոնում միայն 3 թեկնածուի՝ նախկին 5-ի փոխարեն: Այս մասին հայտնում է Financial Times-ը՝ հղում անելով ԵՄ աղբյուրներին, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

Պարբերականի տեղեկություններով՝ միասնական թեկնածուի ընտրության ժամանակ քաղաքական գործիչները գնահատում են Եվրախմբի նախկին ղեկավար, Նիդերլանդների ֆինանսների նախկին նախարար Յերուն Դեյսելբլումի, Բուլղարիայի ներկայացուցիչ Կրիստալինա Գեորգիեւայի եւ Ֆինլանդիայի Կենտրոնական բանկի ղեկավար Օլլի Ռենի առաջադրման հնարավորությունը: Այդպիսով, թեկնածուների ցուցակից դուրս են մնում Իսպանիայի տնտեսության եւ բիզնեսի նախարար Նադի Կալվինյոն եւ Եվրախմբի գործող ղեկավար Մարիո Սենտենոն:

Պարբերականի զրուցակցի խոսքով՝ ԵՄ երկրները ցանկանում են արագացնել եվրոպացի թեկնածուի առաջադրման գործընթացը, քանի որ մտավախություն ունեն զարգացող երկրներից մրցակցության հետ կապված: Ըստ ավանդույթի՝ հիմնադրամի ղեկավարի պաշտոնը պետք է զբաղեցնի եվրոպական երկրներից մեկի ներկայացուցիչը:

Դեյսելբլումն ու Ռենն աջակցություն են ստանում հյուսիսեվրոպական երկրներից: Համաշխարհային բանկի տնօրենի պաշտոնակատար, 65-ամյա Գեորգիեւան ստանում է Ֆրանսիայի աջակցությունը, սակայն ԱՄՀ կանոնները թույլ չեն տալիս 65 տարեկանից բարձր թեկնածուներին առաջադրվել այդ պաշտոնին:

Հուլիսի 16-ին ԱՄՀ տնօրեն Քրիստին Լագարդը հրաժարական էր տվել՝ Եվրոպական կենտրոնական բանկի ղեկավարի պաշտոնին առաջադրվելու պատճառով: Որոշումն ուժի մեջ կմտնի սեպտեմբերի 12-ից: