Ռուսաստանի հետ ուղիղ ավիահաղորդակցության արգելքի պատճառով Georgian Airways («Վրացական ավիաուղիներ») ավիաընկերությանը հասցված վնասի չափը կազմել է մոտ 25 մլն դոլար, հաղորդում է «Նովոստի Գրուզիա»-ն:

«Ընկերությունը ստիպված է եղել վերադարձնել իրացված ավիատոմսերի 80%-ը: Բացի այդ, կտրուկ կրճատվել է ավիատոմսեր գնել ցանկացողների թիվը, ինչի պատճառով ընկերությունը 25 մլն դոլարի չափով վնաս է կրել: Ցանկանում ենք երախտագիություն հայտնել Վրաստանի կառավարությանն աջակցության համար եւ հուսով ենք, որ առկա խնդիրները մոտ ապագայում կլուծվեն»,- ասվում է ավիաընկերության հաղորդագրության մեջ:  

Ինչպես ավելի վաղ հաղորդվել է, Վրաստանի իշխանությունները որոշել են աջակցել ավիաընկերությանն ու մասնակիորեն փոխհատուցել վնասը: Այդ նպատակով կառավարությունը կսուբսիդավորի Հայաստանի միջով Թբիլիսիի եւ Բաթումիի ուղղությամբ Ռուսաստանի օդանավակայաններից տարանցիկ ավիաչվերթները:    

Դրա համար կառավարությունը մոտ 1,2 մլն եվրո է տրամադրել (առանց ԱԱՀ): Ընդ որում, սուբսիդիաներ կստանան միայն 2 ավիաընկերություններ, որոնք տարանցիկ չվերթներ են իրականացնում Երեւանի օդանավակայանից՝ 600 հազար եվրոյի չափով: Այդ ավիաընկերությունների հետ համաձայնագիր կկնքի «Վրաստանի օդանավակայանների միավորում» պետական ընկերությունը: Ավիաընկերություններից մեկը Georgian Airways-ն է:

Այդպիսով, յուրաքանչյուր ուղեւորի համար Վրաստանի կառավարությունը պատրաստ է վճարել 90 եվրո (առանց ԱԱՀ):

Հիշեցնենք, որ հուլիսի 8-ից Ռուսաստանը դադարեցրել է դեպի Վրաստան ավիաչվերթները՝ կապված Թբիլիսիում ռուս պատգամավոր Սերգեյ Գավրիլովի այցից հետո սկսված բողոքի ակցիաների հետ: Վրաստանի իշխանությունները չեն բացառում, որ ռուս զբոսաշրջիկների հոսքի կրճատման պատճառով զբոսաշրջային ոլորտի եկամուտները կկրճատվեն 750 մլն դոլարով: