Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը վարչապետի գրասենյակի հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար է նշանակել նախկին լրագրող Լի Քեյնին, որը նախկինում քննադատում էր վարչապետի ղեկավարած Պահպանողական կուսակցությանը (տորիներին), հայտնում է Evening Standard-ը:

Քեյնն արդեն եղել է Ջոնսոնի մամուլի քարտուղարը, երբ նա 2016-2018 թվականներին ղեկավարել է բրիտանական ԱԳՆ-ն: Բայց 2010 թվականին նա աշխատել է Daily Mirror-ում, եւ այս պարբերականի նախկին գործընկերների կարծիքով՝ մեծ եռանդով է կատարել Mirror Chicken-ի երգիծական հերոսի դերը՝ հագնելով հավի հանդերձանք, որն անսքող ծաղրել է քաղաքական գործիչներին: Daily Mirror-ն այն պարբերականն է, որն ավանդաբար աջակցել է Լեյբորիստական կուսակցությանը եւ ծաղրել պահպանողականներին, որոնք արդեն 9 տարի իշխանության են:

Սակայն 2016 թվականին ԵՄ-ին երկրի հետագա անդամակցության մասին հանրաքվեից առաջ Քեյնն անցել է մյուս ճամբար եւ աջակցել Brexit-ի օգտին քարոզարշավը, որը ղեկավարում էր Ջոնսոնը, եւ որի դեմ էր հանդես գալիս Daily Mirror-ը: