Ուկրաինայում մամուլի ասուլիսի ժամանակ դահլիճ են ներխուժել «Ավանդույթ եւ կարգուկանոն» գրառմամբ շապիկներ կրող երիտասարդ մարդիկ եւ ջուր լցրել եւ ձվեր նետել խոսնակների ուղղությամբ, հաղորդում է Ուկրաինսկայա պրավդա-ն՝ հղում կատարելով Ուկրինֆորմ-ին:

Մամուլի ասուլիսը նվիրված էր մեծամասնական համակարգով ընտրություններին №50 շրջանում: Ներխուժած անձինք ձվեր են նետել ինքնառաջադրված Անդրեյ Աքսյոնովի վրա, որը պատմել է ընտրությունների ժամանակ կեղծիքների մասին:

Նրանք կոտրել էին մուտքի դուռն ու ներս մտել՝ վանկարկելով «Սեպարատիստ Աքսյոնով», «Խայտառակություն»:

Կիեւի ոստիկանությունը հայտնել է, որ այժմ դեպքի վայրում աշխատում է օպերատիվ քննչական խումբը եւ քննարկվում է տեղի ունեցածին իրավաբանական որակում տալու հարցը:

«Իրավապահները պարզել են, որ մամուլի ասուլիսի դահլիճ են ներխուժել անհայտ անձինք, սկսել կոնֆլիկտել ներկաների հետ, ձվեր նետել, այնուհետեւ կոտրել մուտքի դուռն ու փախուստի դիմել: Դեպքի երկու ակտիվ մասնակիցները բերման են ենթարկվել եւ տարվել ոստիկանության բաժանմունք: Ներկայումս նրանք բացատրություն են տալիս»,-հայտնել են Կիեւի ոստիկանությունում: