2019թ. հուլիսի 30-ին բրիտանական երկու կազմակերպություն՝ «Պատերազմ ընդդեմ կարիքի» (War on Want) եւ «Գլոբալ արդարություն» (Globarl Justice Now) հասարակական կազմակերպությունները մամլո հաղորդագրություն են տարածել՝ ազդարարելով Հայաստանում Ամուլսարի ոսկու հանքի ծրագրի դեմ մղվող պայքարին իրենց աջակցությունը եւ մեկնարկելով գլոբալ պահանջագիր ընդդեմ ներդրումային արբիտրաժային գործընթացի: «Լիդիան» ընկերության կողմից ներդրումային դատարան դիմելու եւ հսկակայան գումար պահանջելու սպառնալիքը նրանք որակում են իբրեւ «թունավոր հարձակում ժողովրդավարության նկատմամբ»:
Առեւտրի ու ներդրումների մասին երկկողմ պայմանագրերի վրա հիմնվող ներդրումային արբիտրաժը, այլ կերպ՝ «կորպորատիվ դատարանները» դատաիրավական զուգահեռ համակարգ են, որոնք անարդար պայմաններ են ստեղծում զարգացող երկրների համար եւ պաշտպանում են բացառապես շահույթ հետապնդող կորպորացիաներին:
Բրիտանական կազմակերպություններն իրենց մամլո հաղորդագրությամբ հղում են անում Բրիտանայի խորհրդարանի Միջազգային առեւտրի հանձնաժողովի վերջերս արած ուսումնասիրությանը, որով հանձնաժողովը եզրահանգում է, որ ներդրումային կանոնները խիստ վիճահարույց են: Խորհրդարանական հանձնաժողովը քննադատում է բրիտանական կառավարությանը, որ չհանգուցալուծված Բրեքսիթի պարագայում կառավարությունը ձախողել է սահմանել ներդրումային միջպետական համաձայնագրերի շուրջ իր քաղաքականության գոնե տարրական մոտեցումները, ներառյալ՝ կորպորատիվ դատարանների խնդրի շուրջ իր դիրքորոշումը:
«Պատերազմ ընդդեմ կարիքի» եւ «Գլոբալ արդարություն» հասարակական կազմակերպությունները Բորիս Ջոնսոնի կառավարությունից պահանջում են վերացնել կորպորատիվ դատարանները եւ վերանայել ներկայիս ներդրումային համաձայնագրերն այնպես, որ նման անարդար արբիտրաժ չսահմանվի: Որպես գլոբալ անարդարության վերջին օրինակ մատնանշում են Հայաստանում Ամուլսարում մղվող պայքարի դեմ ներդրումային դատարանով սպառնալիքները: Կազմակերպությունները պնդում են, որ կորպորատիվ դատարաններով սպառնալը հարձակում է ժողովրդավարական սուվերենության նկատմամբ: Հայաստանում ավտորիտար վարչակարգի տապալումը 2018թ. ժողովրդական ըմբոստության միջոցով շատերի համար նշանակում էր այդ վարչակարգի ընդունած անարդար որոշումների վերացում: Ամուլսարի պահպանության պայքարը հենց այդ ժողովրդավարական սուվերենությունն է, ըստ կազմակերպությունների:
Ըստ «Պատերազմ ընդդեմ կարիքի» կազմակերպության անդամ Ջին Բլեյլոքի՝ «Կորպորատիվ դատարանները ֆունդամենտալ կերպով են անարդար եւ ժամանակակից առեւտրային ու ներդրումային քաղաքականության մեջ տեղ պետք է չունենան: Ամուլսարի օրինակը ցույց է տալիս, թե նման դատարաններն ինչ վտանգ են ամբողջ աշխարհում, ուստի Բրեքսիթի չհանգուցալուծման պարագայում կառավարությունը չի կարող շարունակել այս քաղաքականությունը «անվերջ ուսումնասիրելու» իր դիրոքորոշումը»:
«Գլոբալ արդարություն» կազմակերպության ներկայացուցիչ Ջեյմս Էյնջելն էլ նշում է. «Լիդիանը կորպորատիվ դատարանի սպառնալիքն օգտագործում է Հայաստանի կառավարության դեմ, որպեսզի վերջինս դավաճանի իր ժողովրդին: Ամուլսարում պայքարը 2018թ. Թավշյա հեղափոխության առաջին կարեւոր փորձությունն է: 2 միլիարդ դոլարի պահանջով հայցի նպատակն այն է, որ Հայաստանի կառավարությունը բռնի օտարերկրյա ներդրողների կողմը եւ շեղվի մարդու իրավունքներն ու բնությունը պաշտպանելուց: Երբ Հայաստանում տեղացիները վճռել են իրենց ջուրն ու հողը պաշտպանելու համար անել ամեն ինչ, մեզ Միացյալ Թագավարությունում մնում է միանալ նրանց ու բարձրաձայնել այստեղ գրանցված հանքարդյունաբերական ընկերության կողմից Հայաստանի ժողովրդավարության դեմ գործած թունավոր հարձակման մասին»:
Կազմակերպությունները հրապարակել են Ամուլսարի փրկության պայքարի մասին 18-րոպեանոց վավերագրական ֆիլմ: Ֆիլմի անգլերեն տարբերակը հասանելի է հետեւյալ հղումով, իսկ հայերեն թարգմանությունը հրապարակել է Հայկական բնապահպանական ճակատ քաղաքացիական նախաձեռնությունը:
Հայաստանի կառավարությանը ներդրումային կորպորատիվ դատարան չներքաշելու պահանջագրին կարող են միանալ նաեւ Հայաստանի քաղաքացիները հետեւյալ հղումներով:
Բրիտանական կազմակերպությունների մամլո հաղորդագրությունը:
Ամուլսարի պայքարին զորակցելու մասին:
«Ոսկուց էլ թանկ. Ջերմուկ համայնքի դիմադրությունն ընդդեմ կորպորատիվ դատարանի» ֆիլմն անգլերեն, հայերեն:
Այլ հղումների համար՝ մամլո հաղորդագրությունն անգլերեն:





























