Հնդկաստանում ձկնորսները Մանգալուրայի արվարձանում գետի մեջ հայտնաբերել են Cafe Coffee Day սրճարանների խոշորագույն ցանցի հիմնադիր եւ սեփականատեր Վի Ջի Սիդհարթայի մարմինը, հայտնում է BBC News-ը:
Մահացած 59-ամյա միլիարդատիրոջ դիակը տեղափոխվել է մոտակա հիվանդանոց, որտեղ նրան ճանաչել են ազգականները:
Ավելի վաղ Մանգալուրայի ոստիկանությունից հայտնել էին, որ Սիդհարթան անհետացել էր երկուշաբթի Բանգալորից Մանգալուրա ճանապարհին, երբ ավտոմեքենան կանգնեցրել էր Նեթրավաթի գետի վրայի կամրջի մոտ:
Սրա հետ կապված միլիարդատիրոջ Coffee Day Enterprises Limited ընկերությունն արտահերթ խորհրդակցություն էր անցկացրել, որի արդյունքներով ընկերությունը հանդես էր եկել հայտարարությամբ, որի մեջ նշվում էր, որ ընկերությունը «պրոֆեսիոնալ կերպով կառավարվում է բանիմաց բիզնես թիմի կողմից», որը երաշխավորում է բիզնեսի անընդհատությունը:
Սիդհարթան Coffee Day ընկերությունը հիմնադրել է 1993 թվականին: Այդ ժամանակից ի վեր այն վերածվել է ամբողջ Հնդկաստանում սրճարանների խոշոր ցանցի. երկրի 245 քաղաքներում ընդհանուր 1700-ից ավելի սրճարան կա:




























