ԱՄՆ դեսպանատանն այսօր՝ մարտի 24-ին կայացել է համերգ նվիրված Կանանց պատմության միամսյակին: ԱՄՆ դեսպանության հյուրերն էին դեսպանատան նախաձեռնած  2010 եւ 2011թթ. կանանց մենթորական կամ ուղղորդող-խորհրդատուների ծրագրի մասնակիցները:

Ներկաների համար հանդես է եկել  JAZZEL վոկալ խումբը, որի կազմում միայն կանայք են: Երեկոյի մասնակիցներին ողջունել է Հայաստանում ԱՄՆ փոխդեսպան Բրյուս Դոնահյուն` համառոտ անդրադառնալով ամերիկյան արտաքին քաղաքականության մեջ կանանց հիմնահարցերին տրվող մեծ կարեւորությանը: Նա շեշտել է, որ երբ կանայք երկրի հասարակական ու քաղաքական կյանքին լիակատար մասնակցություն են ունենում, դրանից շահում է ողջ հասարակությունը:

Ներկայացվել է Բարաք Օբամայի հայտարարությունը, որտեղ ասվում է. «Երբ մենք մեր գնահատանքն ենք հայտնում մեր երկիրը կերտած կանանց, պետք է հիշենք, որ այսօր մենք ունենք առաջադրանք գրելու կանանց պատմության հաջորդ գլուխը: Մենք պետք է սովորեցնենք մեր դուստրերին, որ ոչ մի խոչընդոտ անհաղթահարելի չէ, որ վեր բարձրանալիս ոչինչ չի փակի նրանց ճանապարհը եւ միայն այսկերպ կարող ենք ոգեշնչել նրանց, որպեսզի հասնեն իրենց ամենաբարձր հավակնություններին ու իրական հավասարության»:

Նշենք, որ 2010թ. ԱՄՆ դեսպանությունը Հայաստանի ամերիկյան համալսարանի հետ համատեղ մեկնարկել է Կանանց մենթորական ծրագիրը: ԱՄՆ-ում մենթորական պրակտիկան լայնորեն կիրառվում է եւ դրա օգնությամբ մարդիկ, ովքեր կյանքում եւ աշխատանքում հասել են հաջողությունների, թրծում եւ օգնում են առաջնորդների հաջորդ սերնդին:

Մենթորները խորհուրդներ են տալիս աշխատանքային կարիերայի վերաբերյալ, կիսում են իրենց փորձը եւ օրինակ ծառայում խոստումնալի ուսանողներին: Հայաստանի 2010թ. ծրագրին որպես մենթոր մասնակցել են 45 կին` տարբեր մասնագիտական ոլորտներից, իսկ նրանց հովանավորյալներն էին  Հայաստանի ամերիկյան համալսարանի 45 ուսանողուհիներ: Այս տարի ծրագրին մասնակցում են 61 մենթոր եւ 61 ուսանողուհի: