ԱՄՆ եւ Ռուսաստանի հարաբերությունների մակարդակն ավելի վատթար է, քան սառը պատերազմի տարիներին: Օգոստոսի 1-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին ասաց «Ռուսաստանը համաշխարհային քաղաքականությունում» ամսագրի խմբագիր, քաղաքագետ Ֆյոդր Լուկյանովը:
Նա հավելեց, որ եթե սառը պատերազմի տարիներին մեկը մյուսի հստակ ընկալում կար, ապա հիմա դա չկա: «Ուստի ԱՄՆ-ի դեմ Չինաստանի եւ Ռուսաստանի հնարավոր սեպարատ համաձայնության մասին խոսակցությունները ցանկալի չեն: Առաջիկա տասնամյակներին արտաքին քաղաքականության մեջ Ռուսաստանի գլխավոր խնդիրը Չինաստանի հետ հավասարակշռված հարաբերությունների կառուցումն է: Ավելին՝ Ռուսաստանը պետք է հարթի ԱՄՆ-ի հետ հարաբերությունները, քանի որ հարաբերությունների ներկայիս մակարդակը թույլ չի տալիս գնալ Չինաստանի հետ հավասարակշռման, քանի որ Պեկինը զգում է Մոսկվայի որոշակի խոցելիությունը»,- նշեց նա:
Ֆյոդր Լուկյանովը հավելեց, որ համաշխարհային համակարգում առավել անկանխատեսելի եւ թույլ տարրը Եվրամիությունն է, որը ներկայիս փուլում նոր ներքին համակարգի կայացման փուլում է: «Համանման գործընթացներ են դիտվում նաեւ Ռուսաստանում: Ուստի ԵՄ-ում եւ Ռուսաստանում վերափոխումների գործընթացների ավարտից հետո կողմերը կարող են անցնել հարաբերությունների որակապես նոր ձեւաչափի»,- եզրափակեց քաղաքագետը:





























