Եթե Հայաստանի Հանրապետությունում քաղաքական հետապնդման օրինակներ լինեն, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործով դատավոր Դավիթ Գրիգորյանը չի լինի այդ ցանկի, համենայնդեպս, առաջին հարյուրյակի մեջ։ Այս մասին այսօր՝ օգոստոսի 1-ին, լրագրողների հետ զրույցում ասաց Ազգային ժողովի փոխնախագահ Ալեն Սիմոնյանը։
«Քաղաքական հետապնդում ասելիս մենք պետք է այդ բառն անիմաստ տեղը չօգտագործենք։ Վերջիվերջո, կան տարբեր միջազգային կառույցներ, որոնք գնահատականներ են տալիս քաղաքական հետապնդումների վերաբերյալ, բայց այդ կառույցները որեւէ նման գնահատական չեն տվել Հայաստանին»,- ասաց Սիմոնյանը։
Այն, որ 100-ից ավելի փաստաբաններ ներկայում աջակցություն են հայտնել նրան՝ նրա դեմ գործը համարելով քաղաքական հետապնդում, Սիմոնյանն ասաց․ «Վերջերս էլ հայտարարվել էր, որ 7 կուսակցություն միացել են։ Բայց այնտեղ 10 հոգի են։ Կուսակցության անդամներից մի 2 հոգու հետ խոսեցի, ասացին՝ չէ, մենք տենց բան չենք արել, չենք միացել։ Փոստանջյանը մեկ գնում է դատարանի դիմաց, ասում է՝ պրիվետ Ռոբ, մեկ էլ ասում է՝ Ռոբերտ Քոչարյանը քաղբանտարկյալ է։ Մի հատ Զարուհուն հարցրեք՝ հիմա պրիվետ Ռո՞բ, թե քաղբանտարկյալ»։
Անդրադառնալով Ռոբերտ Քոչարյանի այն հայտարարությանը, որ աշնանը փողոցում կորոշվի իշխանափոխության հարցը, ընդդիմությունը կհամախմբվի, եւ չի բացառվի, որ ընդդիմության կենտրոններից մեկն էլ ինքն է լինելու, Ալեն Սիմոնյանն ասաց․ «Ես ուրախ եմ, թող ինքը ընդդիմության կետրոնը լինի։ Իշխանափոխություն, իհարկե, չի լինի։ Ռոբերտ Քոչարյանը պետք է կողմնորոշվի՝ ինքը քաղաքականության մեջ վերադարձել է, թե՝ ոչ։ Թող Ռոբերտ Քոչարյանը լինի ընդդիմությունը, բայց ես իրեն որպես ընդդիմություն չեմ տեսնում։ Ես տեսնում եմ տարբեր նոր մարդկանց»։





























