Ամերիկացի քաղաքական գործիչ, նախկին գլխավոր դատախազ Ռոբերտ Քենեդու՝ ԱՄՆ 35-րդ նախագահի կրտսեր եղբոր թոռնուհին՝ Սիրշա Քենեդի Հիլլը, հինգշաբթի մահացել է թմրանյութերի գերդոզավորման հետեւանքով: Այս մասին հայտնել է The New York Times պարբերականը՝ վկայակոչելով աղբյուրին:

Պարբերականի տեղեկություններով՝ 22-ամյա աղջիկը մահացել է Մասաչուսեթս նահանգի Հայեննիս պորտ վայրի Քենեդիների ընտանեկան կալվածքում: Մահացածի ազգականների հայտարարության մեջ նշված է, որ «նրա սիրտը լի էր երազանքներով, հույսով եւ սիրով»: «Մեր սրտերը փշրված են մեր սիրելի Սիրշայի կորստով»,- նշել են նրանք:

Իրավապահ մարմինները քննություն են սկսել: Այս պահին մահվան պատճառը պաշտոնապես չի հաստատվել:

The New York Times-ը նշում է, որ նախկինում աղջիկը խոստովանել է, որ դեպրեսիայով է տառապում: Սիրշա Քենեդին Ռոբերտ Քենեդու եւ նրա կնոջ՝ Էթել Քենեդու դստեր՝ Քորթնի Քենեդի Հիլլի եւ Փոլ Մայքլ Հիլլի միակ երեխան էր:

Ռոբերտ Քենեդին (1925-1968 թվականներ) Քենեդի ընտանիքի 4 որդիներից երրորդն էր: 1961-1964 թվականներին իր ավագ եղբոր՝ ԱՄՆ նախագահ Ջոն Քենեդու (1917-1963 թվականներ) նշանակմամբ զբաղեցրել է ԱՄՆ գլխավոր դատախազի պաշտոնը: Մահացել է 1968 թվականի հունիսի 6-ին մեկ օր առաջ իրագործված մահափորձի ժամանակ ստացած մահացու հրազենային վիրավորման հետեւանքով: