ՀԴԲ-ն 85 տարի անց հաստատել է, որ չեզոքացրել է 1930-ականների հայտնի ավազակ Ջոն Դիլինջերին այն լուրերի ֆոնին, որ հանցագործը խորհդավոր կերպով փրկվել է, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
Գանգստերի երկու ազգականները հուլիսին հայտնել են, որ ցանկանում են շիրիմից հանել նրա մնացորդները, քանի որ կարծում են, որ ՀԴԲ գործայալները կրակել են ոչ թե Դիլինջերին, այլ մեկ ուրիշի:
Էքսգումացիան նախատեսվում է անցկացնել վավերագրական ֆիլմի շրջանակում:
«Դիլինջերի մահը հաճախ նկարագրում են որպես գանգստերների դարաշրջանի վերջի սկիզբ: 1934 թվականի հուլիսի 22-ին՝ 85 տարի անց, ՀԴԲ գործակալները փոխհրաձգության ժամանակ սպանել են Դիլինջերին», - հայտարարությունում նշել է ՀԴԲ-ի Չիկագոյի գրասենյակը:
ՀԴԲ-ն Դիլինջերին բնութագրել է որպես «տխրահռչակ, դաժան գողի»: 1933-1934 թվականներին Դիլինջերը եւ նրա ավազակախումբը Միջին Արեւմուտքում սպանել էր առնվազն 10 մարդու եւ եւս 7-ի վիրավորել:
Նրանք մասնագիտացել էին բանկերի եւ ոստիկանական զինանոցների թալանի վրա, ինչպես նաեւ կալանավորված հանցակիցների փախուստներն էին կազմակերպում:
ՀԴԲ-ն Flickr ծառայությունում տեղադրել է Դիլինջերի մահից հետո նրա դիմակի նկարը: Բացի այդ այդ ժամանակների ՀԴԲ փաստաթղթում ասվում է, որ հազարավոր մարդիկ մի քանի օրվա ընթացքում բառացիորեն պաշարել էին ոստիկանական դիարանը՝ ցանկանալով տեսնել հայտնի ավազակի մարմինը:
Դիլինջերի մահից հետո 27 մարդ դատապարտվել էր նրան թաքցնելու կամ հանցագործություններում աջակցելու համար:




























