Ստամբուլյան կոնվենցիան հանցագործությունների զոհերին տալիս է օգնության հնարավորություն՝ առանց խտրականության, որպեսզի վնասված մարդը, երբ մտնի ոստիկանություն, նրան որեւէ մեկը չհարցնի պատճառների մասին, այլ պաշտպանի քաղաքացուն։ Այս մասին այսօր՝ օգոստոսի 2-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ ԱԺ պատգամավոր, «Իմ քայլը» խմբակցության անդամ Մարիա Կարապետյանը՝ խոսելով Հայաստանում կոնվենցիաների ընդունման կարեւորության մասին։
«Խնդիրը միայն կոնվենցիան չէ, մենք ունենք շատ ավելի լայն կոնտեքստ, որում ապրում ենք։ Բռնարար ռեժիմների հիմնասյուներից մեկը բռնության մշակույթն է։ Ճնշող քաղաքական տնտեսական համակարգերը որպեսզի շանս ունենան պահելու իրենց իշխանությունը, հարկավոր է, որ մշակութային ամենօրյա մակարդակում այդ բռնությունը վերարտադրի։ Փաստ է՝ հետսովետական մեր պատմության ժամանակ դեռեւս չենք ձեւավորել այնպիսի միջավայր, որը բռնությունից զերծ է»,- ասաց նա եւ հավելեց, որ Հայաստանն այսպես թե այնպես, պետք է ունենա քաղաքացիներ, ովքեր իրենց կկարողանան պաշտպանել անհատական մակարդակում։
«Պետք է ունենանք գործիքներ, ցավոք, մեր իրականության եւ Սահմանադրության ու օրենքի միջեւ կան խզումներ, որոնք պետք է լուծել։ Երբ մարդիկ երջանիկ են, այնտեղ պետությունը միջամտելու կարիք չունի, այսպես է սահմանում ՀՀ Սահամանդրությունը, սակայն ըստ նույն Սահամանդրության՝ պետությունն ունի պարտավորություն միջամտելու խնդիրներ ունեցող ընտանիքների դեպքում եւ այդ քաղաքացիներին օգնելու, լուծումներ գտնելու եւ իրենց հարազատներին պաշտպանելու բռնությունից»,- ասաց նա։
Պատգամավորի խոսքով՝ վերջիվերջո այստեղ մեկ այլ կարևոր հարց կա. «Պետք է ունենանք այնպիսի մի հանրություն, որտեղ կանայք եւ աղջիկները կկարողանան իրենց լուրջ պոտենցիալն իրագործել։ Միայն այդ պարագայում, մենք որպես պետություն կհաջողենք։ Մենք մեզ չենք կարող թույլ տալ ունենալ ավելի ակտիվ քաղաքացիների խումբ եւ ավելի պասիվ քաղաքացիների խումբ»։





























