Օգոստոսի 2-ին՝ ժամը 12․20-ի սահմաններում, Երևան-Սևան ճանապարհի սկզբնամասում տեղի ունեցած պայթյունի դեպքի վայրից մի քաղաքացի առանց տեղում գործողություններ իրականացնող իրավապահների թույլտվության, պայթյունի հետևանքով վնասված մեքենաներից մեկով հեռացել է՝ չենթարկվելով ոստիկանության ծառայողների օրինական պահանջներին։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ ոստիկանությունը։
Ձեռնարկված միջոցառումների արդյունքում կարճ ժամանակում մեքենան հայտնաբերվել եւ վերադարձվել է դեպքի վայր։ Tert.am-ի տեղեկություններով՝ «Ռենջ Ռովեր» մակնիշի մեքենան դեպքի վայրից հեռացնողը եղել է ԱԺ նախկին պատգամավոր, գործարար Մելիք Մանուկյանի (Շշի Մելո) որդին:
Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի հատկանիշներով։
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ «Երեւան–Սեւան» ավտոմայրուղու վրա տեղի ունեցած պայթյունիդեպքի կապակցությամբ Կոտայքի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ սպանության փորձի հատկանիշներով։ Այս մասին NEWS.am –ին հայտնել են քննչական կոմիտեից։
Քրեական գործը հարուցվել է ՔՕ 34–104 –րդ հոդվածի 2–րդ մասի 6–րդ կետի (Շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով սպանության փորձը) և ՔՕ 235 –րդ հոդվածի 1–ին (Ապօրինի կերպով զենք–զինամթերք ձեռքբերելը, պահելը)։ Այս պահին դեպքի վայրում են աշխատում քննիչները։
Օգոստոսի 2-ին Երեւան–Սեւան ավտոմայրուղու վրա տեղի ունեցած պայթյունի հետևանքով վնասվել է կամուրջի եթեւեկելի հատվածը:
Պայթյունի հետեւանքով վնասվել է երկու ավտոմեքենա՝ Range Rover մակնիշի 555 LL 05 համարանիշի և Nissan մակինիշի 35 MD 686 համարանիշի ավտոմեքենաները։ Գագիկ Շամշյանի տեղեկություններով՝ Range Rover-ը պատկանում է Ազգային ժողովի նախկին պատգամավոր, գործարար «Շշի Մելո» մականվամբ՝ Մելիք Մանուկյանին։ Ավտոմեքենաները պայթյունի ընթացքում եթեւեկելիս են եղել կամրջի վրայով: Զոհեր եւ վիրավորներ չկան:
Պայթյունի պատճառով խցանված է Երեւան-Սեւան ավտոմայրուղին, որի աջակողմյան երթեւեկությունը Կոտայքի մարզի ճանապարհային ոստիկանության կողմից դադարեցված է:
Նշենք, այդ հատվածում է գտնվում «Շշի Մելոյին» պատկանող ապակե տարաների գործարանը։




























