Պետական եկամուտների կոմիտեի ղեկավարությունն այսօր այցելել է Գյումրի` ծանոթանալու այն տարածքին, որտեղ տեղափոխվելու է ավտոմեքենաների մաքսային ձեւակերպումներին առնչվող գործառույթը: Այս մասին NEWS.am-ին հայտնում են ՀՀ ՊԵԿ տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից։

ՊԵԿ գլխավոր քարտուղար Էդգար Գեւորգյանը, կոմիտեի նախագահի տեղակալ Շուշանիկ Ներսիսյանն ու ՊԵԿ նախագահի խորհրդական Արամ Թանանյանը շրջել են տարածքում, քննարկել նախագծի իրականացման առանձնահատկությունները: 

Օգոստոսի 1-ին Կառավարության նիստում հավանություն է տրվել ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանի ներկայացրած նախագծին, որով Պետական եկամուտների կոմիտեին հատկացվել է 181 մլն դրամ եւ 21,5 հա հող: Կենտրոնի համար նախատեսված տարածքը 158 կմ հեռավորության վրա է գտնվում Բագրատաշենի մաքսակետից, 115 կմ Գոգավանից եւ 58 կմ՝ Բավրայից: Սրանք Հայաստանի հյուսիսի այն 3 մաքսակետերն են, որոնցով իրականացվում է ներմուծման եւ արտահանման զգալի մասը:

Հիշեցնենք, որ ավելի վաղ ՀՀ վարչապետը հանձնարարել էր առաջարկություն ներկայացնել ավտոմեքենաների մաքսային ձեւակերպման գործառույթը Գյումրի տեղափոխելու վերաբերյալ: Այդ ընթացքում ՊԵԿ-ը մշակել եւ հավանության արժանանալուց հետո կոմիտեի 5 տարվա ռազմավարական ծրագրում ներառել է ավելի համապարփակ նախագիծ` Գյումրիում կառուցել ԱՏԳ սպասարկման կենտրոն, որտեղ կիրականացվի նաեւ ավտոմեքենաների մաքսային ձեւակերպումների գործառույթն ամբողջությամբ:

Նախագծի իրագործան արդյունքում աշխատանքի հնարավորություն կստանան տարածաշրջանի բնակիչները: Այդ նպատակով ՊԵԿ-ը նախատեսում է դասընթացներ կազմակերպել մասնագետներ պատրաստելու համար: