Երեւանի քաղաքապետարանի եւ «Սանիթեք» ընկերության միջև բանակցություններն ամենևին չեն դադարել։ Այսօր, 1in.am-ի տաղավարում ասաց Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը՝ անդրադառնալով «Սանիթեք» ընկերության ղեկավարության հայտարարությանը, թե բանակցությունները ընդհատվել են քաղաքապետարանի կողմից։ Ավելին՝ Մարությանը նշեց, որ այս ընթացքում «Սանիթեքի» ներկայացուցիչների հետ ավելի շատ է հանդիպել, քան իր ընտանիքի, եւ որ վերջին հանդիպմանը «Սանիթեքին» խնդրել են ներկայացնել ծախսերը․
«Առաջին օրվանից մեզ ասում են՝ եկեք, բարձրացնենք պայմանագրի արժեքը, այսինքն՝ աղբի վարձավճարն ավելացնենք։ Ես ասում եմ՝ հարգելիներս, դուք 12 տարվա պայմանագիր ունեք Երեւան քաղաքի հետ, այդ պայմանագրի մեջ կոնկրետ գումար է նշված՝ 5 միլիարդ 200 միլիոն դրամ, ես ի՞նչ իրավունք ունեմ այդ պայմանագրի գինը բարձրացնել, ես ասել եմ՝ դա անհնար է»,- պատմեց Մարությանը։
Նա հայտարարեց, որ «Սանիթեքը» կամ պրոֆեսիոնալ չէ եւ չի կարողանում սթափ գնահատել իրավիճակը, կամ այն պայմանները, որ կան թղթի վրա՝ պայմանագրում, եւ այն պայմանները, որ իրականում պետք է լինեին, իրար չեն համընկնում։
Քաղաքապետը նաեւ հայտնեց, որ մինչեւ սեպտեմբերի վերջ աղբատար մեքենաների նախատեսված խմբաքանակը տեղ կհասնի, ընդ որում՝ այն գումարները, որ կծախսվեն քաղաքապետարանի իրականացրած աղբահանությամբ, չեն գնա «Սանիթեք» ընկերությանը։
«Վաղ թե ուշ մենք աղբահանության խնդիրը լուծելու ենք, դրան ալտերնատիվ չկա։ Ես ուզում եմ իրապես շնորհակալություն հայտնել երեւանցիներին համբերության համար, այն սատարման համար, որ ունի քաղաքային իշխանությունը։ Դուք շատ մեծ ուժ եք մեզ տալիս, ահավոր մեծ էներգիա եք մեզ տալիս։ Եվ ես խոստանում եմ ձեզ, որ այս հարցը լուծվելու է, այլ տարբերակ չկա»,- եզրափակեց Մարությանը։
Ավելի վաղ NEWS.am-ը տեղեկացրել էր, որ այսօր «Սանիթեք» ընկերության ղեկավարությունը մամուլի ասուլիս էր հրավիրել, հայտարարել, թե եղած ռեսուրսով իրենք արել են առավելագույնը, եւ աղբահանության խնդրի մեղավորը քաղաքապետարանն է։ Մարությանի հետ իրենք փորձել են բանակցել, նամակագրությունից հետո քաղաքապետարանը միակողմանի ընդհատել է բանակցությունները։ «Սանիթեքի» ղեկավարությունը իշխանություններին մեղադրել է նաեւ անհիմն քրեական գործով ընկերությանը սեփականազրկելու մտադրության համար։




























