Մենք հետեւողական ենք լինելու, որ բոլոր պատասխանատուները եւ բոլոր հանցագործները պատասխան տան: Այս մասին այսօր` օգոստոսի 3-ին, ֆեյսբուքյան ուղիղ եթերի միջոցով ասաց Երեւանի ավագանու նախկին անդամ Սոնա Աղեկյանը` անդրադառնալով Եռաբլուրում տեղի ունեցած միջադեպին:

«Հետեւողական ենք լինելու եւ չենք թույլ տալու, որ աչքակապություն անեն եւ մեզ ասեն, որ գտել են ինչ-որ մեկին, եւ այդ կինը միաժամանակ մի քանի տեղերում կատարել է վայրագ գործողություններ: Մենք հետեւողական ենք լինելու, որ բոլոր պատասխանատուները եւ բոլոր հանցագործները, այդ սրբապիղծները պատասխան տան, անգամ այն դեպքում, երբ նրանք անմեղսունակ են: Եթե անմեղսունակ են, ապա անմեղսունակության դեպքում էլ պետք է պատասխան տան իրենց չափով»:

Սոնա Աղեկյանը հայտարարեց, որ յուրաքանչյուր շաբաթ օր այցելելու են «Եռաբլուր» զինվորական պանթեոն եւ պատասխանատվության են կանչելու պատկան մարմիններին, որոնք պատասխանատու են բացահայտելու կատարվածը:

«Եթե Հայաստանի ոստիկանությունը, իշխանությունը չի կարող գտնել նրանց, ապա մենք կգտնենք նրանց եւ ինքնադատաստանի միջոցով կապացուցենք մեր սերունդներին, որ հայրենասիրության համար զոհված մարդկանց դիակները ապահով են»,- հավելեց նա:

Ավելի վաղ հայտնել էինք, որ անհայտ անձինք պղծել են «Եռաբլուր» պանթեոնում Ապրիլյան պատերազմում զոհված զինվորականների շիրիմաքարերը: Արդեն ժամեր անց ոստիկանները ապրիլյան պատերազում զոհվածների շիրմաքարերը պղծելու կասկածանքով ոստիկանություն է բերման ենթարկվել Երևանի 51–ամյա մի բնակչուհու:

Կինը իրավապահներին հայտնել է, որ այրված մոմ է լցրել շիրմաքարերին՝ անեծքը հանելու համար և որ նմանատիպ գործողություններ կատարել է «Եռաբլուրում» և այլ գերեզմանոցներում։