«Երկիր» թերթի խմբագրականում կարդում ենք. «Մի քանի օր առաջ ոստիկանները, առանց որեւէ հիմնավորման, ջարդուփշուր անելով, հանեցին Ազատության հրապարակում հացադուլ անող Րաֆֆի Հովհաննիսյանի համար տեղադրված հովանոցը։

Երեկ Ալիկ Սարգսյանը, կրկին առանց որեւէ բացատրություն տալու, հայտարարել է, թե իրենք հովանոցի տեղադրմանը դեմ չեն։ Բայց եթե դեմ չեն, ինչը ենթադրաբար նշանակում է, որ հովանոցի տեղադրումը հակաօրինական չի եղել, ինչո՞ւ եւ հատկապես ո՞ր օրենքով, իրավական ո՞ր ակտով էին առաջնորդվում մարտի 21–ին տեղադրված հովանոցը հանելիս։ Էլ չենք խոսում այն մասին, որ ոստիկանապետն այդպես էլ չի բացահայտել, թե իրավական ինչ հիմքով են վրանի տեղադրումը արգելում, իսկ հովանոցինը՝ թույլատրում: Փաստորեն ստացվում է, որ ոստիկանությունն իր գործողությունները պայմանավորում է ոչ թե օերնքներով, այլ, ասենք, վրանի ներսում կատարվող ինչ-որ երեւույթների մասին ոստիկանապետի ունեցած պատկերացումներից բխող մտավախություններով:

Մինչդեռ ընդամենը մի քանի օր առաջ հանրապետության նախագահը պահանջում էր, որ «ոստիկանության որեւէ գործողություն, հասարակության հիմնարար եւ համընդհանուր արժեքների տեսանկյունից քննելիս, տարմենկաբանության տեղիք չպետք է տա»: Ինչ կարող ես անել. հասարակության հիմնարար արժեքների մասին ոստիկանության պատկերացումների սահմաններն էլ այսքանն են»: