Նախագահ Սերժ Սարգսյանը հրամանագիր է ստորագրել 2011թ. գարնանային զորակոչ անցկացնելու եւ զորացրում կատարելու մասին:

Նախագահի մամուլի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ հրամանագրի համաձայն, 2011թ. ապրիլ-հունիս ամիսներին կանցկացվի Հայաստանի Հանրապետության արական սեռի այն քաղաքացիների պարտադիր զինվորական եւ այլընտրանքային ծառայությունների գարնանային զորակոչը, որոնց 18 տարին լրանում է մինչև զորակոչի օրը, ինչպես նաեւ այն քաղաքացիների, ովքեր կորցրել են նախկինում ստացած պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետման իրավունքը:

2011թ. ապրիլ-հունիս ամիսներին կզորացրվեն սահմանված ժամկետում պարտադիր զինվորական ծառայություն անցած զինծառայողները:

Հայաստանի կառավարությանը հանձնարարվել է երկշաբաթյա ժամկետում ընդունել սույն հրամանագրի կիրարկումն ապահովող համապատասխան որոշում: