Երեւանը աղբի քանակով կարող է մրցակցել այդ իմաստով տխրահռչակ Նեապոլի հետ: Այս մասին այօսր նշվեց Ավագանու «Իմ քայլը», «Լույս» եւ «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունների ներկայացուցիչների մասնակցությամբ մամուլի ասուլիսին:
Հիշեցնենք, որ աղբի թեման դարձել է գրեթե ամենաարդիականը Հայաստանի մայրաքաղաքի բնակիչների համար: Իր պարտականությունները լավ-վատ իրականացրած աղբահանության մենաշնորհատեր լիբանանա-կանադական «Սանիթեք» ըտնկերությունը մոտ մեկ տարի առաջ կտրուկ դադարեց աշխատել: Նույնքան ժամանակ շարունակվում է«Սանիթեքի» եւ Երեւանի քաղաքապետարանի միջեւ վիճաբանությունը, հնչում են փոխադարձ մեղադրանքներ, ընկերության դեմ հարկերից խուսափելու պատճառով քրեական գործ է հարուցվել:
Անցյալ շաբաթ ընկերության տնօրեն Նիկոլաս Քավիլը Թբիլիսիից Երեւանում կայացած մամուլի ասուլիսին չէր եկել՝ վախենալով, որ իրեն կարող են թույլ չտալ հեռանալ երկրից, հայտարարել էր ընկերության նկատմամբ սաբոտաժի մասին՝ սպառնացել միջազգային արբիտրաժ դիմելով, իսկ հետո համաձայնել էր 4 մլն դոլարի չափով ներդրումներ կատարել որոշակի պայմաններով, ոորնցից գլխավորը պայմանագրի արժեքի վերանայումն է: Ընկերության իրավաբանը պարզաբանեց, որ հարկերից խուսափելու գործը կապված է օրենսդրական փոփոխությունների հետ, նախկինում ընկերությունը հայտնվում էր եկամտահարկից ազատող օրենքի գործողության շրջանակում: Այնուհետ օրենքը փոխվեց, 2018-ի հունվարից ուժի մեջ մտավ հարկային օրենսգիրքը:
Քանի, որ, ըստ իրավաբանի, ընկերությունները իրավունք ունեն ընտրել, թե որ օրենքով աշխատեն, «Սանիթեքը» դիմեց իշխանություններին նախկին ռեժիմով աշխատելու խնդրանքով: Իշխանությունները համաձայնվեցին: Իշխանափոխությունից հետո ընկերությունը նորից իշխանություններին դիմեց նույն հարցով եւ նորից դրական պատասխան ստացավ: Նման բանավոր պայմանավորվածության արդյունքը եղավ քրեական գործը:
Օգոստոսի 5-ին մամուլի ասուլիսին «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը նշեց, որ մամուլի ասուլիսը ուշացել է, ինչպես եւ պայմանագրի արժեքի մասին խոսակցությունները, քանի որ ընկերության գույքը եւ իմիջը լրջորեն վնասվել են: Մնում է հուսալ համայնքային կառույցի մասին քաղաքապետարանի կարճաժամկետ որոշման հաջողության վրա:
«Իմ քայլը» խմբակցության անդամ Հայկ Հովհաննիսյանը կարծում է, որ ընկերության ղեկավարությունը ոչ մի նոր բան չի հայտնել, իսկ «Սանիթեքը» աշխատանքը ձախողել է բոլոր կետերով:
«Երաշխիքների մասին կարող է խոսել մի ընկերություն, որը ձախողել է իր աշխատա՞նքը: Չի կատարել պայմանագրով նշված պարտավորությունները: Ոչ ոք նրանց չի խանգարել դրանք կատարել», -ասաց Հովհաննիսյանը՝ որպես օրինակ նշելով, որ վերջին շրջանում խոստացված 2 հազար նոր աղբարկղերից Երեւան է հասել միայն 200-ը, այն էլ պլաստմասե, այլ ոչ թե մետաղական, ինչը նույնպես խոստացվել էր: Հույս հայտնելով, որ Դավիթաշենում պիլոտային ծրագիրը հաջողություն կունենա, Հովհաննիսյանը նաեւ հույս հայտնեց, որ քաղաքացիները խնամքով կվերաբերեն քաղաքի գույքին:
ԲՀԿ խմբակցության ներկայացուցիչ Մարկոս Հարությունյանը չկիսեց գործընկերոջ սպասումները:
«Կա կոնֆլիկտ՝ «Սանիթեքի» հետ պայմանագիրը չի խզվել, ընդ որում համայնքային կառույցը դնում է աղբարկղեր՝ առանց տեղեկացնելու «Սանիթեքին»,- հիշեցրեց Հարությունյանը՝ կոչ անելով գործել ըստ օրնքի:
Դավիթ Խաժակյանը նշեց, որ ակնհայտ է «Սանիթեքի» կողմից պարտավորությունների չկատարումը, բայց պակաս ակնհայտ չեն նաեւ ընկերության բարձրացրած խնդիրները՝ ջարդված ու այրված կոնտեյներները, Նուբարաշենի աբյուսի ճանապարհը մեղավոր է մեքենաների վնասվելու համար: Քաղաքապետը զուգահեռ հայտարարություններ է կատարում, որոնք ընկերության ղեկավարությանը դրդում են այն մտքին, որ իրենց շուտով դուրս կշպրտեն հայկական շուկայից, ինչը նույնպես չի նպաստում ներդրումների ներհոսքին, արձանագրեց Դավիթ Խաժակյանը:
Ի պատասխան՝ Հայկ Հովհաննիսյանը հավաստիացրեց, որ ընկերությունը մի բան է ասում, բայց այլ բան անում: Օրինակ՝ խոստացած 25 մեքենայի փոխարեն աղբահանություն են կատարում 6-7 մեքենաներ: Ինչ վերաբերում է արբիտրաժին դիմելուն, ապա դա հեշտ գործ չէ, նշեց Հովհաննիսյանը: Ավագանու ներկայացուցիչը նշեց, որ ընդհանրապես կա գրավոր փաստաթուղթ, եւ պետք է աշխատել դրա համաձայն, այլ ոչ թե ինչ-որ բանավոր պայմանավորվածությամբ:
Թվարկվածի լույսի ներքո Մարկոս Հարությունյանը հետաքրքրվեց, թե այդ դեպքում թվարկված սարսափներից հետո քաղաքապետարանն ինչո՞ւ համառորեն չի լուծարում «Սանիթեքի» հետ պայմանագիրը, առավել եւս, որ ավելի լավ պատճառ, քան աղբահանության աղետալի վիճակն է, չես գտնի: «Դուք «Սանիթեքին» Դավիթաշենից վտարել եք առանց պայմանագիրը լուծարելու: Խոսում եք իրավական պետության մասին եւ ինքներդ եք խախտում»,- հիշեցրեց Հարությունյանը: «Իսկ ո՞վ է «Սանիթեքին» թույլ տվել քաղաքը մինչեւ այսպիսի վիճակի հասցնել: Պարոն «Սանիթեք», չես կարողանում քո պարտավորությունները կատարել, վերցրու քո կոնտեյներները, եթե դրանք ընդհանրապես հնարավոր է կոնտեյներ անվանել, եւ հեռացիր»,- հակադարձեց Հովհաննիսյանը: Նրա խոսքով՝ երկրորդ օպերատոր կլինի. հնարավոր է, որ դա լինի համայնքային կառույց: Առավել եւս, որ քաղաքապետարանի հատկացրած միջոցներով սեպտեմբերի կեսին կստացվեն 30-ից ավելի մեքենաներ, իսկ հոկտեմբերի կեսին՝ 8 հազար կոնտեյներ:
Ինչ վերաբերում է ինչ-ինչ քաղաքական ենթատեքստերին, ապա, ինչպես նշեց Դավիթ Խաժակյանը, կարելի է հայտարարել նախկինների «բաժնի» եւ այն մասին, որ «Սանիթեքի» մեքենաները գտնվում են նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանի ավտոտնակում, սակայն ցանկացած հայտարարություն պետք է հիմնավորել փաստերով: Մարկոս Հարությունյանը հիշեցրեց, որ նախկին փոխքաղաքապետ Կամո Արեյանը ներկայումս զբաղեցնում է քաղաքապետի խորհրդականի պաշտոնը, եւ քաղաքապետը կարող է նախկին-ներկայիս պաշտոնյայից ամբողջապես տեղեկանալ, թե «Սանիթեքը» ինչ սկզբունքներով է անցյալում ավելի կամ պակաս հաջող աշխատել: Հարությունյանը միաժամանակ շեշտեց, որ բոլորը քաղաքի մաքրությունն են ցանկանում, բայց ոչ ցանկացած գնով, եւ կրկնակի վճարել չի կարելի, իսկ հենց այդպես է ստացվում, երբ «Սանիթեքի» հետ պայմանագրի առկայությամբ խոշոր միջոցներով նրանց աշխատանքը կատարում է համայնքային կազմակերպությունը: «Հարցի լուծումը չեմ տեսնում առանց «Սանիթեքի» հետ պայմանագրի լուծարման: Կստացվի, որ աղբահանությունը կատարել է «Սանիթեքը», իսկ վճարել են կրկնակի: Թղթի վրա ոչ մի տեղ գրանցված չէ, որ համայնքային ընկերությունը աղբահանության իրավունք ունի: Այնպես չարվի, որ Երեւանը Նեապոլից հետո աղտոտվածության օրինակ դառնա, իսկ գուցե եւ ավելի վատ: Ես նախկինում այսպիսի Երեւան չեմ տեսել»,- տրտմությամբ արձանագրեց Հարությունյանը:
Դավիթ Խաժակյանը տեսանելի ապագայում խնդրի հուսալի լուծում չի տեսնում. «Եվ այսպիսի կեղտոտ Երեւան նույնպես չեմ տեսել: Բայց մի բան հստակ է՝ եթե սեպտեմբեր-հոկտեմբերին գույքը ստացվի, «Սանիթեքի» հետ պայմանագիրը պետք է լուծարվի: Հակառակ դեպքում, դա նշանակում է, որ «Սանիթեքի» հետ գաղտնի պայմանավորվածություն կա»:





























