Պակիստանի արտաքին գործերի նախարարի առաջին տեղակալ Սոխայիլ Մահմուդը բողոք է հայտնել Իսլամաբադում Հնդկաստանի դեսպանին՝ կապված Ջամմա եւ Քաշմիրի նահանգի հատուկ կարգավիճակի չեղարկման որոշման հետ, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
«Պակիստանը վճռականորեն մերժում է Հնդկաստանի անօրինական գործողությունները, քանի որ դրանք հակասում են միջազգային իրավունքի նորմերին եւ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մի քանի բանաձեւերին: Դատապարտում ենք նաեւ վերահսկման գծի լրիվ արգելափակումը, հավելյալ 180 հազար զինծառայողի տեղակայումը, պարետային ժամի սահմանումը, Քաշմիրի առաջնորդների ձերբակալությունն ու կապի ծառայությունների տրամադրման դադարեցումը»,- ասվում է ԱԳՆ հայտարարության մեջ:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Հնդկաստանը հայտարարել է սահմանադրության 370-րդ հոդվածի չեղարկման մասին, որը հատուկ կարգավիճակ է շնորհում Ջամմա եւ Քաշմիր նահանգին:





























