Ղրղզստանի նախկին նախագահ Ալմազբեկ Աթամբաեւի աջակիցները պատանդ են վերցրել մի քանի հատուկջոկատայինի, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում անելով նախկին նախագահի շտաբին:

«Նրանք մնում են Աթամբաեւի տանը, նրանց հետ ամեն ինչ կարգին է»,- ասել է գործակալության զրուցակիցը:  

Շտաբի ներկայացուցչի խոսքով՝ Աթամբաեւի աջակիցները մտադիր չեն հատուկջոկատայիններին վնաս հասցնել եւ պատրաստ են նրանց բաց թողնել առավոտյան, երբ «ամեն ինչ հանդարտվի»:

Ավելի վաղ ՆԳ փոխնախարարը նախկին նախագահի աջակիցների հետ զրույցում հայտարարել է, որ պահանջում է «հատուկջոկատայինների անհապաղ ազատում»:

Երեկ երեկոյան Ղրղզստանի հատուկ ծառայությունները գրոհել էին Քոյ-Տաշ գյուղում Աթամբաեւի տունը: Նրանք նախկին նախագահի աջակիցների դեմ հատուկ միջոցներ էին կիրառել: Արդյունքում 43 մարդ, այդ թվում մեկ լրագրող, վնասվածք է ստացել, մեկ մարդ զոհվել է: Սակայն նախկին նախագահին ձերբակալել չի հաջողվել:

Ավելի վաղ Ղրղզստանի խորհրդարանը կողմ է քվեարկել Աթամբաեւին անձեռնմխելիությունից եւ նախկին նախագահի կարգավիճակից զրկելու օգտին, ինչը հնարավորություն է տալիս նրան քրեական պատասխանատվության ենթարկել:

Աթամբաեւը մեղադրվում է հողատարածքների վերափոխման, Բիշքեկի ջերմաէլեկտրակայանի արդիականացման ժամանակ կոռուպցիայի, քրեական հեղինակության անօրինական ազատ արձակման, ջերմաէլեկտրակայան ածուխի անօրինական մատակարարման, ինչպես նաեւ Քոյ-Տաշում բնակելի տուն կառուցելու համար անօրինական ճանապարհով հողատարածք ստանալու մեջ:

Եթե դատարանը Աթամբաեւին մեղավոր ճանաչի, նրան կարող է ցմահ ազատազրկում սպառնալ:   

Աթամբաեւը ղեկավարել է Ղրղզստանը 2011-2017թթ. եւ դարձել է երկրի առաջին ղեկավարը, որն ինքնակամ հեռացել է պաշտոնից առաջին ժամկետի ավարտից հետո: Հենց նա է նախաձեռնել այդ պաշտոնին գործող նախագահի թեկնածուի առաջադրումը: Անցած տարվա գարնանը Աթամբաեւը հրապարակավ խոստովանեց Ժեենբեկովի հետ լուրջ տարաձայնությունների առկայությունը: