Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Գրիգորի Վարդանյանի նախագահությամբ օրերս որոշում է կայացրել կարճել Իգոր Խաչատուրովն ընդդեմ Սուրիկ  Խաչատրյանի և Լորետա Բարսեղյանի քաղաքացիական գործի վարույթը։ Խոսքը Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանին պատկանող կառույցը ինքնակամ քանդելուն պարտավորեցնելու գործի մասին է։

Նշենք, որ հայցվորի ներկայացուցիչները հուլիսի 23-ին տեղի ունեցած դատական նիստի ընթացքում հրաժարվել են ներկայացրած հայցից և խնդրել կարճել գործի վարույթը:

NEWS.am–ի հետ զրույցում հայցվորի ներկայացուցիչ Գուրգեն Մալխասյանը պարզաբանեց, որ հայցից հրաժարվել են տեխնիկական պատճառներով, քանի որ նույն հայցադիմումը դատարան է ներկայացվել «Դ.Ի.Ա.Ր.-Պ.Ս.» ՍՊԸ-ի անունից, որի գործադիր տնօրենը Իգոր Խաչատուրովն է։

Բանն այն է, որ գործի քննության ընթացքում չափագրում իրականացնելու խնդիր է առաջացել, մինչդեռ դատարանն այս գործով ապացուցման պարտականությունը բաշխելու մասին որոշում էր կայացրել, իսկ դատավարության այդ փուլում չափագրում իրականացնել հնարավոր չէր։ Նման պայմանաներում հայցվոր կողմը ստիպված է եղել հրաժարվել հայցից և նույն պահանջը ներկայացնել դատարան՝ այս անգամ «Դ.Ի.Ա.Ր.-Պ.Ս.» ՍՊԸ-ի անունից։

Ավելի վաղ NEWS.am–ն անդրադարձել է Իգոր Խաչատուրովի և Սուրիկ Խաչատրյանի վեճին։

Իգոր Խաչատուրովը ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի որդին է։ Նա հանդիսանում է Մոնումենտի բարձունքում գտնվող հողատարածքի սեփականատերը։ Այդ հողատարածքի հարևանությամբ է կառուցված Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանին պատկանող Մոնումենտի հայտնի առանձնատունը։ Հարևանները տևական ժամանակ է՝ ընդհանուր հայտարարի չեն գալիս շուրջ 450 քմ հողատարածքի շուրջ, արդյունքում վեճը հասել է դատարան։

«Դ.Ի.Ա.Ր.-Պ.Ս.» ՍՊԸ-ն դատարանից պահանջում է պարտավորեցնել պատասխանողին ինքնակամ քանդել կառույցը եւ դրանով զբաղեցված հողատարածքը նախկին վիճակին բերելու աշխատանքներին չխոչընդոտել: