Ղրղզստանի Սոցիալ-դեմոկրատական կուսակցության նախագահի տեղակալ Ֆարիդ Նիյազովին տարել են Բիշքեկի ՆԳ գլխավոր վարչության ժամանակավոր պահման մեկուսարան, հայտնել են ՆԳՆ մամուլի ծառայությունից, հայտնում է «Sputnik-Ղրղզստանը»: 

Նիյազովի խափանման միջոցը որոշելու դատական նիստը տեղի կունենա օգոստոսի 10-ին:

Այսօր հարցաքննության է կանչվել նախկին նախագահի խորհրդական Կունդուզ Ժոլդուբաեւան:

Նիյազովը Աթամբաեւի հետ միասին ձերբակալվել է հինգշաբթի իրավապահ մարմինների անցկացրած գործողության արդյունքում, որը տեւել է գրեթե մեկ օր: Օգոստոսի 7-ի երեկոյան Ղրղզստանի Ազգային անվտանգության պետական կոմիտեի հատուկ նշանակության ջոկատը Չույսկի մարզի Կոյ-Տաշ գյուղում փորձել էր անցկացնել երկրի նախկին նախագահ Ալմազբեկ Աթամբաեւին ձերբակալելու գործողություն, որը ձախողվել էր: Նստավայրը պահպանող նախկին նախագահի կողմնակիցները գրոհը հետ էին մղել եւ 6 մարտիկի պատանդ վերցրել: Դրանից հետո գյուղի շրջանում բախումներ էին սկսվել այնտեղ ժամանած միլիցիայի լրացուցիչ ուժերի եւ Աթամբաեւին աջակցող քաղաքացիների միջեւ:

Ուժայինների երկրորդ փորձը հաջող էր եղել, եւ օգոստոսի 8-ին Աթամբաեւն ու նրա կողմնակիցները, ներառյալ Նիյազովը, ձերբակալվել էին: