Գերմանիայի իշխող կոալիցիայի գործընկերները տարբեր կերպ են արձագանքել Գերմանիայում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Գրենելի նախազգուշացմանը Վաշինգտոնի կողմից իր զորակազմի մի մասը երկրի տարածքից հանելու հնարավորության մասին:
Դիվանագետն ավելի վաղ նախազգուշացրել էր, որ Միացյալ Նահանգները հնարավոր է որոշի իր զինվորականների մի մասին Գերմանիայից տեղակայել Լեհաստանում՝ կապված պաշտպանական ծախսերը մինչեւ ՀՆԱ 2 տոկոս մեծացնելու Բեռլինի ցանկություն չունենալու հետ, հայտնում է DW-ն:
«Վիրավորական է, որ ամերիկացի հարկատուներն են ֆինանսավորում Գերմանիայում 50 հազարից ավելի զինվորականների մնալը, այն դեպքում, որ գերմանացիները իրենց առեւտրային պրոֆիցիտն օգտագործում են ներքին նպատակներով»,- dpa գործակալությանն ասել է դիվանագիտական առաքելության ղեկավարը:
Ի պատասխան դիվանագետի խոսքին՝ Գերմանիայի Սոցիալ-դեմոկրատական կուսակցության խորհրդարանական խմբակցության գործադիր քարտուղար Կարսթեն Շնայդերը Գրենելին մեղադրել է Բեռլինին հրամայել փորձելու համար: «Գերմանիան թույլ չի տա իրեն շանտաժի ենթարկել»,- Der Spiegel օրաթերթին ասել է Շնայդերը:
Բունդեսթագում ՔԴՄ/ՔՍՄ խմբակցության փոխնախագահ Յոհան Վադեպուլն իր հերթին ըմբռնումով է մոտեցել Վաշինգտոնի դիրքորոշմանը: «ԱՄՆ քննադատությունը լավ հայտնի է եւ արդարացված: Գերմանիան դաշինքի առջեւ պարտավորություն է ստանձնել զգալիորեն մեծացնելու պաշտպանական ծախսերը»,- dpa-ի փոխանցմամբ՝ ասել է քաղաքական գործիչը:
Բավարիայի կառավարությունը ցուցադրաբար ընդգծել է իր բարեկամական մոտեցումը ամերիկյան զորակազմին:
Միաժամանակ, Ձախ կուսակցությունից Բունդեսթագի պատգամավոր Դիթմար Բարչը ողջունել է ամերիկյան ուժերի հնարավոր վերատեղակայումը: «Երբ ամերիկացիները զինվորներին դուրս բերեն, նրանք կարող են իրենց հետ տանել նաեւ իրենց միջուկային զենքը: Այն վերադարձնել տուն, այլ ոչ թե տեղակայել Լեհաստանում, որովհետեւ դա կբերեր Ռուսաստանի հետ հարաբերությունների լարվածության լուրջ սրման, որը չի համապատասխանում Եվրոպայի եւ Գերմանիայի շահերին»,- վստահ է Բարչը:
2018 թվականի սեպտեմբերի դրությամբ Գերմանիայում տեղակայված է ԱՄՆ մոտ 33 հազար զինծառայող: Զորակազմը տեղակայված է, մասնավորապես, Բավարիայի եւ Ռեյնլանդ-Պֆալցի դաշնային հողերի ամերիկյան կայազորներում:





























