Կիրակի Չինաստանի հարավում «Լեկիմա» սուպերթայֆունի հետեւանքով զոհերի թիվը հասել է 28-ի, եւս 20 մարդ համարվում է անհայտ կորած, հաղորդում է Reuters-ը՝ հղում կատարելով պետական ԶԼՄ-ներին։
Չժեցզյան հարավային նահանգում թայֆունն առաջացրել էր սողանքներ, որոնք հրահրել էին քաոսային իրավիճակ․ չեղարկվել են հազարավոր չվերթներ եւ երկաթուղային ուղեւորություններ։
Նշվում է, որ տարերքը վնասել է ավելի քան 173 000 հեկտար բերք եւ 34 000 տուն Չժեցզյանում։ Տեղական իշխանությունները գնահատում են պատճառված վնասը 14.57 մլրդ յուանի չափով (2 մլրդ դոլար), հաղորդում է Սինհուան։
Փրկարարները շարունակում են աշխատել՝ տարհանելով մարդկանց իրենց տներից։
Հիշեցնենք, որ սուպերթայֆունի հետեւանքով Չինաստանում հայտարարվել է վտանգի նարնջագույն մակարդակը։ Ավելի վաղ հաղորդվում էր մեկ միլիոն տարհանվածների մասին։





























