Կրեմլի տարածքում՝ այսպես կոչված «սառցադաշտում» (սառցե մառան) գտել եւ վնասազերծել են Մեծ հայրենական պատերազմի ժամանակների ռումբ, ինչը պատճառ է դարձել Կրեմլի մեծ պուրակում հնագետների եւ ԶԼՄ-ի աշխատակիցների աշխատանքի դադարեցման: Այս մասին հայտնել է Կրեմլի պարետ Սերգեյ Խլեբնիկովը, գրում է ՏԱՍՍ-ը:

«Հայտնաբերվել է ավիացիոն ռումբ, ամենայն  հավանականությամբ, Մեծ հայրենական պատերազմի ժամանակների,-պատմել է նա,-այդ արկը, ռումբը չի պայթել, թաքցված էր հողի հաստ շերտի տակ»:

Վտանգավոր գտածոն հայտնաբերվել է Տայնիցյան այգու սարալանջին՝ Մոսկվա գետի կողմից, շինարարական աշխատանքների ժամանակ, որտեղ ցարական ժամանակներում մթերքները պահելու համար մառան էր գտնվում:

Դաշնային լրատվամիջոցների ներկայացուցիչների խումբը օգոստոսի 15-ին՝ Հնագետի օրը, հրավիրվել էր Կրեմլում պեղումների: ԳԱ Հնագիտության ինստիտուտի ղեկավար Նիկոլայ Մակարովը եւ նրա գործընկերները պատմել են Կրեմլի մեծ պուրակում աշխատաքների ընթացքի մասին, որտեղ 2019 թվականի մայիսից մասնագետները պեղում են XVII դարում կառուցված վարչության շենքը: