Մերձմոսկվայում՝ եգիպտացորենի դաշտում վթարային վայրէջք կատարած А321 ինքնաթիռը վերականգնման ենթակա չէ, «ՌԻԱ Նովոստիին» հայտնել են «Ուրալյան ավիաուղիների» մամուլի ծառայությունում:

Գործակալության զրուցակիցը նշել է, որ ինքնաթիռը ապահովագրված էր «Ալֆաստարխովանիե» ընկերությունում:

«Ուրալյան ավիաուղիների» А321 ինքնաթիռն իրականացնում էր Ժուկովսկի-Սիմֆերոպոլ չվերթը, օդանավում գտնվում էին 226 ուղեւորներ եւ անձնակազմի 7 անդամներ:

Թռիչքից քիչ անց շարժիչի մեջ հայտնվել էր որորների երամը, ինչը աշխատանքի խափանման էր հանգեցրել:

Օդաչուները որոշել էին արտակարգ վայրէջք կատարել եգիպտացորենի դաշտում՝ Ռամենսկի շրջանի Ռիբինսկոե գյուղում:

Ինքնաթիռը վայրէջք էր կատարել հավաքած շասիով եւ անջատված շարժիչներով:

Ուղեւորներին տարհանել էին փչովի օդանավասանդուղքով: Վերջին տվյալներով՝ բուժօգնության համար դիմել է 55 մարդ, նրանց թվում 17 երեխա կա:

Հարուցվել է քրեական գործ ՝ երթեւեկության անվտանգության կանոնների խախտման եւ օդային տրանսպորտի շահագործման վերաբերյալ, հետաքննության համար ձեւավորվել է նաեւ հատուկ հանձնաժողով:

Նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Կրեմլում օդաչուներին հերոսներ են համարում եւ հնարավորինս սեղմ ժամկետներում պետական պարգեւների կարժանացնեն:

Հիշեցնենք, որ Մերձմոսկվայում վթարային վայրէջք կատարած օդանավի ուղեւորների թվում մի քանի հայեր են եղել: Այս մասին է վկայում «ԿՊ»-ի հրապարակած ուղեւորների ցուցակը: Նրանց թվում են՝ Հակոբյան Ստեփան, Առստամյան Էրիկ, Ավետիսյան Կարինա, Դավիդյան Լիանա, Կագրամանով Արթուր, Կագրամանով Գրիգորի, Կագրամանովա Ագնեսա, Կագրամանովա Դիանա, Կագրամանովա Միլանա, Մուրադյան Գալինա, Ստրոկյան Վեռա: