Իշխանության մեջ միշտ կհայտնվեն մարդիկ, որոնք կփորձեն Հռոմի պապից ավելի կաթոլիկ երեւալ: Այս մասին այսօր` մարտի 29-ին մամուլի ասուլիսում նշել է Հանրապետական խմբակցության պատգամավոր Մանվել Բադեյանը, մեկնաբանելով այն փաստը, որ Ազատության հրապարակում հացադուլ անող Րաֆֆի Հովհաննիսյանին իշխանություններն օրեր շարունակ թույլ են տվել վրան տեղադրել:

Նա նաեւ ընդգծել է, որ ոչ մի վատ բան չի տեսնում նրանում, որ թիվ 25 պրոցի աշակերտների պատվիրակությունն այցելի Րաֆֆի հովհաննիսյանին եւ կոչ անի դադարեցնել «քաղաքական ծոմը»:  «Եթե անգամ դա իշխանություններն են կազմակերպել, դրանում ոչ մի վատ բան չկա: Ինքը` Րաֆֆի Հովհաննիսյանը 5 երեխա ունի: Հիմա էլ երեխաները եկել են ասելու. Գնացեք, զբաղվեք ձեր երեխաներով, ձյաձյա»:

Իր հերթին, ասուլիսի մասնակից մյուս բանախոսը` «Ժառանգության» պատգամավոր Արմեն Մարտիրոսյանն ասել է. «Շատ ցավալի է, որ ընդդիմության որոշ ներկայացուցիչների մոտ նման վերաբերմունք է ստեղծվել «Ժառանգություն» կուսակցության նկատմամբ, այն դեպքում, երբ Րաֆֆի Հովհաննիսյանի եւ «Ժառանգության» գործունեությունը եղել է թափանցիկ: Մենք երբեք մեզ թույլ չենք տվել քայլեր անել ընդդիմության դեմ եւ արժանի չենք նման վերաբերմունքի ոչ քաղաքական, ոչ էլ բարոյական առումներով: Չի կարելի Րաֆֆի հովհաննիսյանի եւ «Ժառանգության» նկատմամբ վերաբերմունք ցուցաբերել, որը զրոյից ցածր է: Եթե որոշ մարդիկ մարդուն քննարկում են բեղերի մակարդակով, ես ցավակցում են իմ ժողովրդին, որ նման մարդը կարող է առաջնորդել անգամ երկու հոգու»:

Ի պատասխան, Բադեյանը ասել է, որ երբեք չի շոշափել բեղերի թեման: «Ես դեմ եմ հացադուլին, սակայն ես ճիշտ չեմ համարում մեկնաբանել այդ քաղաքական ակցիան որպես դիետա կամ կրոնական ծոմ, ինչպես դա փորձում է անել ընդդիմությունը»,- ընդգծել է Բադելանը:

Հարցին, թե արդյոք կոալիցիայի ներկայացուցիչների այցելությունները Րաֆֆի Հովհաննիսյանին կապված չե՞ն «Ժառանգության» առաջնորդի հանդեպ ՀԱԿ-ի անդամների բացասական վերաբերմունքի հետ, ՀՀԿ-ական պատգամավորը պատասխանել է, որ դրանում տակտիկական քայլ չի տեսնում: «Հացադուլից հետո երկրորդ օրը խորհրդարանականները չեն այցելել Րաֆֆի Հովհաննիսյանին, որովհետեւ, երեւի, հույս են ունեցել, որ նա շուտով կդադարեցնի հացադուլը»,- ամփոփել է Բադեյանը: