«Ժառանգության» առաջնորդ, ԱԺ պատգամավոր Րաֆֆի Հովհաննիսյանի հայտարարած հացադուլի նպատակը հանրության ուշադրությունն իր վրա սեւեռելն էր։ Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ մարտի 31-ին հայտարարեց ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Լեռնիկ Ալեքսանյանը:

Րաֆֆի Հովհաննիսյանն, ըստ նրա, «որոշ չափով հասավ իր նպատակին եւ կարողացավ հասարակության ուշադրությունը հրավիրել իր վրա»։ «Ի՞ր, թե՞ երկրի խնդիրների վրա»` Ալեքսանյանին հարց ուղղեց նրա հետ բանավիճելու եկած «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստյոպա Սաֆարյանը: «Անձի եւ երկրի պրոբլեմները միախառնված են», -ի պատասխան արձագանքեց ՀՀԿ-ական պատգամավորը:

Նրա խոսքով`  հացադուլը թեեւ ընդունելի բողոքի ձեւ է, սակայն ընկալելի չէ հայ հասարակության կողմից: «Սովորաբար հացադուլների դիմում են հուսահատված մարդիկ, որոնց համար դա բողոքելու վերջին միջոցն է։ Ես դա ակցիա եմ համարում»,- նշեց պատգամավորը։ Նա նաեւ նշեց, որ Րաֆֆի Հովհաննիսյանի բարձրացրած խնդիրներն իրենց` իշխանության համար նորություն չէին: «Այդ խնդիրները կային, դրանք մեր համար նորություն չէին, եւ ՀՀԿ–ում այդ խնդիրները միշտ քննարկվում են»,- ասաց նա։

«Շատերը սկզբում ասում էին՝ ծանոթ չենք Րաֆի Հովհաննիսյանի պահանջներին, իսկ 15 օր անց ասում եք՝ իշխանությունները ծանոթ են այդ խնդիրներին»,- Լեռնիկ Ալեքսանյանին արձագանքեց  Ստյոպա Սաֆարյանը։ Նա նշեց, որ հոգու խորքում կցանկանար, որպեսզի Րաֆֆի Հովհաննիսյանի արարքն ավելի մեծ ցնցում առաջացներ, եւ իշխանությունն սկսեր իրապես նրա բարձրացրած խնդիրների լուծմամբ զբաղվել։

«Այնինչ այդ օրերին բոլորին հետաքրքում էր միայն այն, թե ով մոտեցավ Րաֆֆի Հովհաննիսյանին, ով զորակցեց, ով չմոտացավ եւ ինչու չմոտեցավ։ Ես սպասում էի ոչ թե մոտենալուն, այլ այդ խնդիրների լուծմանը»,-ընդգծեց նա։

Պատգամավորը նշեց, որ անցած 15 օրերի ընթացքում շատ կարեւոր հարց լուծվեց` բացահայտվեց ոմանց իրական դեմքը։ «Այս օրերը ցույց տվեցին, թե ում հոգու խորքում ինչ կա, սա հասարակությանը թափ տվեց, բավականին լավ լակմուսի թուղթ էր:

Պարզ դարձավ նաեւ, որ ժողովուրդը «Ժառանգության» կողքին է»,-վստահեցրեց «Ժառանգություն» խմբակցության ղեկավարը` հավելելով, որ Հովհաննիսյանի արարքի հետեւանքը զգացվելու է ամիսներ անց։