Գարեգին Բ-ն  այսօր` մարտի 31-ին ընդունել է Շվեյցարիայի նախագահ Միշելին Կալմի-ռեյին:

Մայր Աթոռից NEWS.am-ին հայտնում են, որ Կաթողիկոսը գնահատանքով անդրադարձել է Կալմի-ռեյի անձնական միջնորդական ջանքերին` ուղղված առանց նախապայմանների Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունների կարգավորմանը:

Զրույցի ընթացքում խոսվել է Հայոց Ցեղասպանության խնդրի մասին: Այս առնչությամբ Նորին Սրբությունը նշել է, որ հայ ժողովուրդը երախտագիտությամբ է հիշում այդ մեծ ողբերգության օրերին շվեյցարացի անհատների կողմից հայորդիներին ցուցաբերած սրտակցությունն ու մարդասիրական աջակցությունը:

Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել Հայ Եկեղեցու միջեկեղեցական հարաբերություններին, Շվեյցարիայի հայոց թեմին եւ հայ համայնքի ազգային-եկեղեցական կյանքին: Գարեգին Բ-ն Շվեյցարիայի նախագահին է ներկայացրել նաեւ թեմի նորանշանակ առաջնորդական տեղապահ Տ. Մեսրոպ վարդապետ Պարսամյանին: