ՆԱՏՕ-ն ԱՄՆ-ին խնդրել է երկարացնել իր մասնակցության ժամկետը Լիբիայի օդային տարածքի վերահսկողության գործում: Ամերիկյան կողմը համաձայնել է, որը հաստատել է Պենտագոնի ներկայացուցիչը:

«Լիբիայում վերջին մի քանի օրերի ընթացքում վատ եղանակային պայմաններ էին, որի հետ կապված ԱՄՆ-ում դրական են արձագանքել ՆԱՏՕ-ի խնդրանքին` երկարաձգել ամերիկյան ավիացիայի մասնակցության ժամկետը»,- ասել է Պենտագոնի ներկայացուցիչը, հաղորդում է Newsru.com-ը:

ԱՄՆ պաշտպանության նախարարության ներկայացուցիչը նշել է, որ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, ԱՄՆ ռազմաօդային ուժերը հանգստյան օրերի ընթացքում «պետք է շարունակեն աջակցել Դաշինքի օդային հարձակումներին»:

Հիշեցնենք, որ ավելի վաղ ԱՄՆ-ը հայտարարել է, որ ապրիլի 3-ին կդադարեցնի հարվածներ հասցնել Լիբիայի թիրախներին: Լիբիայի ափերին ամերիկյան նավերի թիվը կրճատվել է եւ հասել 9-ի, այն դեպքում երբ գործողությունն սկսելու ժամանակ այդ ցուցանիշը 11 էր: