Իտալական Լամպադեզու կղզում, ուր մուտք են  գործում  Հյուսիսային Աֆրիկայի հազարավոր փախստականներ, անկարգություններ են տեղի ունեցել։ Ապրիլի 3-ին թունիսցի անչափահասներն ի նշան կեցության պայմաններից դժգոհելու՝ եկեղեցում հրդեհ են սարքել։

Բունտը կազմակերպել են 36 փախստականներ, որոնց ժամանակավորապես պահում էին տեղական եկեղեցու Եղբայրության տանը։ Երբ անչափահասներն իմացել են, որ իրենց հայրենակիցներին նավով ուղարկել են Սիցիլիա, ջարդել են շինության ապակիները եւ դռները, դուրս հանել ներքնակները եւ այրել դրանք։ Կրակը մարել են դեպքի վայր հասած հրշեջները, գործին ստիպված է եղել խառնվել ոստիկանությունը, գրում է Utro.ru-ն։

Աֆրիկական ափից 113 կմ հեռավորության վրա գտնվող փոքրիկ կղզում իրավիճակը սկսել է վատանալ Թունիսում տեղի ունեցած հեղափոխությունից եւ Լիբիայում տեղի ունեցած քաղաքացիական պատերազմից հետո։ Տարվա սկզբից Լամպեդուզայով անցել են մինչեւ 20 հազար փախստականներ։ Մարտի կեսերին  այնտեղ հավաքվել է շուրջ 6 հազար ապօրինի ներգաղթյալ։

Անցած շաբաթ խնդրով զբաղվել է Իտալիայի վաչապետ Սիլվիո Բեռլուսկոնին, ով մարտի 30-ին այցելել էր Լամպեդուզա։ Նա խոստացել էր 60 ժամվա ընթացքում փախստականերին տանել երկրի այլ շրջաններ, եւ կղզին ներկայացնել Նոբելյան մրցանակի։ Բեռլուսկոնիի որոշումը դժգոհություն էր առաջացրել նախարարների կաբինետում։

Միաժամանակ, Բեռլուսկոնին այսօր՝ ապրիլի 4-ին, կայցելի Թունիս, ուր բանակցություններ կվարի նոր իշխանությունների հետ, որպեսզի փորձի լուծել փախստակաների հետ կապված խնդիրը։ Չի բացառվում, որ Իտալիայի վարչապետը Թունիսին առաջարկի սահմանը փակելու դիմաց տնտեսական օգնություն ցուցաբերել: