Ազգային ժողովի եւ ՅՈՒՆԻՍԵՖ-ի հարաբերությունները բավականին ներուժ ունեն, եւ անհրաժեշտ է ավելի ակտիվացնել համագործակցությունը: Այս մասին այսօր` ապրիլի 4-ին ԱԺ-ում հայտարարել է Հայաստանի ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը` ՅՈՒՆԻՍԵՖ-ի հայաստանյան գրասենյակի ղեկավար Լեյլի Մոշիրիի հետ հանդիպման ժամանակ:

ԱԺ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ Լեյլի Մոշիրին կարեւորել է «Հայաստանում երեխաների իրավունքների պաշտպանության հզորացում» ծրագրի շրջանակներում ՀՀ խորհրդարանի պատվիրակության` վերջերս Նորվեգիա կատարած այցը: Նա նշել է, որ մեծ սպասելիքներ կան 2011թ. հունիսի 14-16-ը ՀՀ ԱԺ նախաձեռնությամբ Երեւանում անցկացվելիք Միջխորհրդարանական միության եւ ՅՈՒՆԻՍԵՖ-ի տարածաշրջանային սեմինարից:

ԱԺ առողջապահության, մայրության եւ մանկության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արա Բաբլոյանը եւ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արամ Սաֆարյանը , ովքեր ընդգրկված էին Նորվեգիա այցելած պատվիրակության կազմում, ներկայացրել են իրենց հանդիպումների արդյունքները:

Հովիկ Աբրահամյանը նշել է, որ ԱԺ «Բաց դռներ» ծրագրի շրջանակներում խորհրդարանում են հյուրընկալվում բազմաթիվ երեխաներ, ովքեր հնարավորություն են ունենում մասնակցել խորհրդարանի նիստերին եւ հանդիպել ԱԺ նախագահի հետ: ԱԺ նախագահնն ասել է, որ Սիրիա կատարած պաշտոնական այցի շրջանակներում այցելել է մանկատներից մեկը, եւ  հանդիպումից տպավորված` այդ հաստատության երեխաներին հրավիրել է Հայաստան. նրանք 15 օր հանգստանալու են Ծաղկաձորում գտնվող մանկական ճամբարում:

Ամփոփելով հանդիպումը` Աժ նախագահը կարեւորել է նման այցելությունները համագործակցության ու փորձի փոխանակման առումով եւ կրկին շեշտել համագործակցությունն ակտիվացնելու անհրաժեշտությունը: