Շիրակի մարզի Ախուրյան համայնքում մեկնարկել է պետական բնակարանաշինական ծրագիրը, ըստ որի կառուցվելու է 3 շենք` 132 բնակարանով, գյուղապետարանի հյուսիսային հատվածում: Շինարարական աշխատանքներն իրականացնելու է «Գլենդել Հիլզ» կապալառու կազմակերպությունը: Աշխատուժը եւս լինելու է մայրաքաղաքից, տեղից կներգրավվի միայն բանվորական կազմը:
«Սակայն սա չի նշանակում, որ համայնքի ղեկավարի կողմից վերահսկողություն չի սահմանվելու, այդ նպատակով արդեն հատուկ մասնագետ է նշանակվել: Այն թերություններն ու բացթողումները, որոնք ի հայտ եկան Գյումրիում, Ախուրյանում ոչ թե նվազագույնի են հասցվելու, այլ` բացառվելու են»,-ասել է Ախուրյան համայնքի ղեկավար Արծրունի Իգիթյանը:
Շինաշխատանքների առաջին փուլն արդեն սկսվել է: Մասնագետներ են հրավիրվել հարեւան Լոռու մարզից, ովքեր տեղանքում կատարում են երկրաբանական հետազոտություններ, որից հետո կսկսվեն հիմքերի փորման աշխատանքները:
Նշենք, որ սա Ախուրյանում իրականացվող պետական բնակարանաշինության առաջին փուլն է: Կառուցվող 132 բնակարաններով անօթեւանության խնդիրը համայնքում վերջնական լուծում չի ստանա: Գյուղապետարանի տվյալներով` դեռեւս չի ավարտվել անօթեւանների հաշվառման գործընթացը, փաստաթղթային ճշգրտումները դեռեւս ընթացքի մեջ են: Այդ աշխատանքները ավարտելուց հետո պարզ կդառնա, թե բնակարանաշինության երկրորդ փուլի շրջանակներում Ախուրյանում քանի շենք կկառուցվի:
Անօթեւաններին բնակարանով ապահովելու պետական ծրագիր Ախուրյանում նախատեսվում էր սկսել դեռեւս 2010թ-ին:




























