«Զու-Զու» ընկերության 3-3,5 մետրից վայր ընկած վերելակը տեխնիկական խնդիրներ է ունեցել, եւ երբ մասնագետները ժամանել են վերանորոգելու այն, երեք կանայք գտնվել են վերեւում եւ պետք է ցած իջնեին: Այդ մասին NEWS.am-ի թղթակցին հայտնել է տուժած կանանցից մեկը, ով ընկերության վերելակի վթարի պահին եղել է ներսում:

Հարցին, թե որեւէ դժգոհություն չունի՞, նա չմանրամասնելով նշել է. «Այո, ես դժգոհություններ ունեմ... Վերելակը տեխնիկական խնդիրներ է ունեցել, որի լուծման համար եկել էին մասնագետները, մենք արդեն վերեւում էին, եւ պետք է ցած իջնեինք: Այլեւս բան չունեմ ասելու»:

Ինչ վերաբերում է նրան, թե արդյոք ընկերության ղեկավարությունը որեւէ կերպ կփոխհատուցի՞ առողջությանը հասցված վնասը, նա, փոխելով տոնը, նշեց. «Ես քեզ ասում եմ, որ ասելու բան չունեմ, իսկ դու...»:

Մյուս հիվանդասենյակում, որտեղ գտնվում էին մյուս երկու տուժածները, ավելի շատ էին ազգականներ հավաքվել, սակայն նրանք էլ քիչ էին խոսում: Տուժածներից մեկի փոխարեն խոսում էր մայրը, ով ասաց, թե մամուլին հայտնելու որեւէ բան չունի: Ամենահասարակ հարցերին ի պատասխան` ինչո՞վ է զբաղվում ընկերությունը, արդյոք վերելակը խնդիր ունե՞ր, թե՞ ոչ, բազմաթիվ ազգականները պատասխանում էին լռությամբ:  «Ցույց տվեք գրասենյակի տեղը, թող գնա տեսնի»,- բարություն դրսեւորեց մի տարեց տղամարդ, ինչի ի պատասխան տուժածներից մեկը նշեց, թե ձեռնարկությունը գտնվում է Կորեայի ձորում: Տուժածներն ասացին, թե իրենց լավ են զգում եւ որեւէ խնդիր չունեն: Իսկ մեկն անգամ ասաց, թե իրենց փոխարեն կարող էր ղեկավարներից մեկը լինել:

Նշենք, որ տուժածները գտնվում են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի տրավմատոլոգիայի բաժանմունքում: Ինչ վերաբերում է «Զու-Զու» ՍՊԸ-ի ղեկավարությանը, գրասենյակ զանգելու բազմաթիվ փորձերն անցան ապարդյուն:

Համաձայն ընկերության պաշտոնական`http://www.zuzu.am կայքի, ընկերությունը զբաղվում է աղի եւ քաղցր ձողիկների, չիփսերի, արեւածաղկի սերմերի եւ հյութերի արտադրությամբ, ընկերության պաշտոնական անվանումը «Վանց Գրուպ» է:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Երեւանի Քանաքեռի շրջանցիկ թունելի թիվ 43/2 հասցեում գտնվող «Զու-Զու» ՍՊԸ-ի սուրճի արտադրամասի շենքի վերելակը ապրիլի 1-ին մոտ 3-3,5 մ բարձրությունից վայր է ընկել: Ոստիկանության տվյալներով, ընկնելու պահին վերելակում են գտնվել արտադրամասի աշխատակիցներ Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքի 3-րդ թաղամասի 13-րդ շենքի թիվ 39 բնակարանի բնակիչ 27-ամյա Դիաննա Վիրաբյանը, Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի Գեղարդի փողոցի 73-րդ շենքի թիվ 9 բնակարանի բնակիչ 32-ամյա Նարինե Ավագյանը եւ 46-ամյա Կարինե Գասպարյանը: Նրանք ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ եւ տեղափոխվել Երեւան քաղաքի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն:

Նշենք, որ Երեւանում մարտի 24-ին Շիրակի փողոցի թիվ 97 հասցեում վայր էր ընկել «Մուշ» թռչնաֆաբրիկայի շենքի մարդկանցով լի վերելակը: Միջադեպի հետեւանքով վերելակում գտնվող թռչնաֆաբրիկայի աշխատակիցներ, Երեւանի Շիրակի փողոցի 45-րդ շենքի թիվ 48 բնակարանի բնակիչ 24-ամյա Վարդան Գեւորգյանը եւ Երեւանի Ներքին Չարբախ 3-րդ փողոցի 2-րդ նրբանցքի թիվ 10 տան բնակիչ 37-ամյա Արամ Գասպարյանը ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ եւ տեղափոխվել «Էրեբունի» բժշկական կենտրոն: