Հրանտ Դինքի մարդասպան Օգյուն Սամասթն անչափահասների համար նախատեսված դատարանում հայտարարել է, թե սպանության մեջ մեղավոր են Դինքին հայրենիքի դավաճան անվանած հոդվածագիրները` ներկայացնելով այդ ամենը 5 էջանոց նամակում:
Թուրքական Posta-ի փոխանցմամբ` անչափահասների համար նախատեսված դատարանում 2-րդ դատական լսման ժամանակ Դինքի մարդասպան Օգյուն Սամասթը փորձել է օգտվել այն հանգամանքից, որ կարողացել է հայտնվել անչափահասների համար նախատեսված դատարանում` հայտարարելով , թե սպանություն կատարելու ժամանակ ինքը երեխա է եղել` նոր միջնակարգ դպրոցն ավարտած եւ չի ճանաչել Հրանտ Դինքին, չի լսել հայերի մասին:
Այս ամենը նա նա կարդացել է իր մոտ գտնվող 5 էջանոց նամակում, որը խոստացել է մյուս դատական նիստի ժամանակ հանձնել դատավորին: «Ես մեղավոր չեմ, մեղավոր են Հրանտ Դինքին հայրենիքի դավաճան անվանող հոդվածագիրները: Իսկ որտե՞ղ են հիմա նրանք: Ես իմ աչքի փուշը հանեցի, հիմա թող այդ հոդվածները գրողները մտածեն: Որտե՞ղ են այն անձիք, ովքեր ինձ հասցրեցին այս վիճակին: Մի՞ թե ես էի գրում, որ Հրանտ Դինքն ու Օրհան Փամուքը պետության դավաճաներ են, մեզ հայհոյում են, ցանկանում են Թուրքիան մասնատել: Մի՞ թե ես էի հեռուստատեսությամբ ընթացող քննարկումներում ասում, թե չկա՞ արդյոք հայրենքի մի զավակ, որ նրանց կսպանի: Ես այս ամենի զոհը դարձա: Իսկ այդ ամենը գրողները որտե՞ղ են: Այն անձիք, ովքեր պարզել են «Հրանտի համար, արդարության համար», թող իմ ձայնը լսեն եւ պարզեն այն հոդվածները, որոնք քին ու ատելություն էին սերմանում», -նշել է Օգյուն Սամասթը:
Մարդասպանը նշել է, թե Դինքին տեսնելուն պես որոշել է չկրակել, այլ միայն բռունցքով հարվածել: «Սակայն միտք եկավ Յասին Հայալը (Սամասթին սպանության անմիջական դրդողը), վախեցա, հիշեցի այն հոդվածները ու ինձ կորցրեցի: Հիմա լիներ, կվիճեի: սակայն այդ հոդվածները չլինեին, այս ամենը չէր լինի»,-ասել է Սամասթը` հարցնելով, թե այդ հոդվածագիրներին ուսումնասիրող չկա՞:
«Մի՞ թե այդ հոդվածները գրողները նրանք չեն, որ հիմա բղավում են, թե բոլորս հայ ենք: Այդ հոդվածները գրողներն են մեղավոր, ես անմեղ եմ: Վաղ թե ուշ այդ հոդվածագիրները դուրս կգան իրենց խավարի թաքստոցներից»,-շեշտել է Օգյուն Սամասթը:
Նամակը կարդալուց հետո Սամասթը ասել է, թե այն կփոխանցի դատավորին հաջորդ դատական նիստին: Այնուհետ դատական նիստը հետաձգվել է:
Նշենք, որ Օգյուն Սամասթի փաստաբանի դիմումի համաձայն՝ նրա գործը տեղափոխվել էր Ստամբուլի անչափահասների համար նախատեսված դատարան, քանի որ փաստաբանը հիմնավորել է, թե սպանության պահին Սամասթն անչափահաս է եղել։





























