Հայաստանում ոռոգման ջրի 1 խմ-ն արժե 11 դրամ: Գյուղացիների կարծիքով` դա թանկ է, պաշտոնյաների տեսանկյունից` էժան: Հայաստանում ոռոգվում է մոտ 130 հազ. հա, 1 հա-ի ոռոգման միջին արժեքը 26 հազ. դրամ է, սակայն Արարատյան դաշտի ոռոգվող հողերում այն անցնում է 50 հազ. դրամից:

Հայաստանում ոռոգման ջրի ինքնարժեքի ամենախոշոր տարրը էլեկտրաէներգիան է` մոտ 50 տոկոս: Էլեկտրաէներգիայի մեծ ծախսը պայմանավորված է ոռոգման համակարգի անարդյունավետ կառուցվածքով; ՀՀ տարածքային կառավարման նախարարության Ջրային տնտեսության պետական կոմիտեի ԾԻԳ-ի տնօրեն Ադիբեկ Ղազարյանի տեղեկացմամբ` ոռոգման ջուրը սարերից իջեցվում է դաշտավայր, որտեղից պոմպերի միջոցով կրկին բարձրացվում է լեռնային եւ նախալեռնային գոտիները: Այդ համակարգը ձեւավորվել է խորհրդային տարիներին, երբ էլեկտրաէներգիան «ջրի գին» ուներ: Հիմա կառավարությունը մասամբ փորձում է այս խնդիրը լուծել` կառուցելով նոր, ինքնահոս ջրատարներ:

Այսպես, թե այնպես` գյուղացիական տնտեսությունները ջրօգտագործողներին 2004 թվականից հետո հասցրել են 6 մլրդ դրամի պարտք կուտակել:

Դրանց զգալի մասն առաջացավ անբերրի 2010-ին, երբ գյուղացիական տնտեսությունները պարզապես գումար չունեին ոռոգման ջրի դիմաց վճարելու: Սակայն կառավարությունը բնավ էլ հակված չէ պարտքերը ներելու, որպեսզի պարտաճանաչ վճարողները անհավասար վիճակում չհայտնվեն: