Թուրք եւ ադրբեջանցի պատգամավորները նոր տրիբունա են գտել «օկուպացված» տարածքների մասին իրենց հին երգերի համար, նաեւ այն սպառնալիքի, որ «ներկայացնում է Մեծամորի ատոմակայանը միջազգային հանրության համար: Այս անգամ Թուրքիայի եւ Ադրբեջանի ներկայացուցիչներն այդ հարցերը բարձրացրել են Ժնեւում ՆԱՏՕ-ի «Խորհրդարանների դերը սպառազինությունների չտարածման եւ վերահսկողության գործում» խորհրդաժողովի ընթացքում:
Ինչպես մամուլի ասուլիսում հայտարարել է պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի խորհրդարանական հանձնաժողովի ղեկավար Հրայր Կարապետյանը` թուրք եւ ադրբեջանցի պատվիրակները կոչ են արել միջազգային հանրությանը ճնշում գործադրել Հայաստանի վրա` Մեծամորի ԱԷԿ-ի փակման հարցում: «Բայց ես հանգստացրի իմ թուրք եւ ադրբեջանցի գործընկերներին` հայտարարելով, որ Հայկական ԱԷԿ-ը սարքին է եւ որեւէ սպառնալիք չի ներկայացնում»,- նկատել է Կարապետյանը: Նա նաեւ հիշեցրել է Թուրքիային, որ օրերս ինքն է պայմանավորվածությունների հանգել Ռուսաստանի հետ ատոմակայանի շինարարության հարցում, եւ նման ելույթներ ունենալով թուրք պատգամավորները պետք է հիշեն դա:
Սակայն ադրբեջանցի պատգամավորների դաստիարակությունը թույլ չի տվել համբերատար լսել Կարապետյանի փաստարկները, նրանք տեղից խանգարել են ելույթը` հիշեցնելով «20 տոկոս օկուպացված տարածքների մասին»: Ի պատասխան Հրայր Կարապետյանն ասել է, թե ՆԱՏՕ-ի ամբիոնը լավագույն տեղը չէ ղարաբաղյան խնդրի քննարկման համար, եւ դրա համար կա ԵԱՀԿ Մինսկի խումբ: Այդուհանդերձ, ըստ Կարապետյանի, ադրբեջանցիներն իրենց ոչ պատշաճ վարքով վնասել են միայն իրենց, քանի որ եվրոպացիները բավական բացասական են արձագանքել նրանց վարքին:





























