Հայ ազգային կոնգրեսի վերնախավում հակասություններ չկան. ճիշտ է, այնտեղ կարող են տարբեր կարծիքներ լինել, որովհետեւ ՀԱԿ-ի կազմում են լիբերալ ուժերից մինչեւ ձախ սոցիալիստական կուսակցություններ, եւ այս առումով սպեկտրը բավական լայն է։ Ապրիլի 5-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին հայտարարեց «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության ղեկավար, ՀԱԿ-ի անդամ Պետրոս Մակեյանը:
Անդրադառնալով «Սարդարապատ» շարժման առաջնորդ Ժիրայր Սեֆիլյանի այն հայտարարությանը, թե ՀԱԿ-ը պետք է փոխի «Լեւոն նախագահ» կարգախոսը, ընդդիմադիր գործիչը նկատեց. «Դա ժողովրդի պահանջով ձեւավորված կարգախոս է։ Դա վերեւից ներկայացված կարգախոս չէ»,- նկատեց նա։
Ամփոփելով՝ Պետրոս Մակեյանը հիշեցրեց, որ ՀԱԿ-ի պայքարը ներկայիս փուլում կայանում է քաղբատարկյալների ազատ արձակման, մարտի 1-ի իրադարձությունները բացահայտելու եւ Ազատության հրապարակը ժողովրդին վերադարձնելու մեջ։
Նշենք, որ ՀԱԿ-ի հաջորդ հանրահավաքը տեղի կունենա ապրիլի 8-ին։ Երեւանի քաղաքապետարանն այս անգամ եւս արգելել է հանրահավաքի անցկացումը Ազատության հրապարակում։




























