Հայաստանի գյուղատնտեսության ոլորտի խնդիրների վերաբերյալ խորհրդարանական լսումներն ի հայտ են բերել Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանի մտահոգությունը:

Ինչպես իր ելույթում ասաց նա, այս լսումները չպետք է լինեն հերթական «գալոչկան» ոլորտի խնդիրների քննարկման հարցում։ ԱԺ խոսնակի խոսքով, վերջին ժամանակներս Հայաստանում «նորաձեւ» է դարձել այս կամ այն ոլորտի խնդիրները միջազգային տնտեսական ճգնաժամով պայմանավորելը։

«Սակայն մի շարք բնագավառներում, այդ թվում՝ գյուղատնտեսության ոլորտում, խնդիրները պայմանավորված չեն միջազգային տնտեսական ճգնաժամով»,- նշեց նա։ Որպես ոլորտում առկա խնդիրների լուծում՝ Աբրահամյանն առաջարկեց իրականացնել հողատարածքների խոշորացման գործընթացը, գյուղատնտեսական վարկեր տրամադրել 5-10 տարով՝ ցածր տոկոսադրույքով։

ԱԺ խոսնակի կարծիքով պետք է 20 տոկոսով սուբսիդավորել գյուղտեխնիկայի ձեռքբերման ծախսերը եւ անտոկոս վարկեր տրամադրել։

Հովիկ Աբրահամյանը նշեց, որ բոլոր այս առաջարկները ներառված են գյուղատնտեսության զարգացման 2008-2012 թվականների ազգային ծրագրի մեջ։ «Պետք չէ հեծանիվ հորինել, պետք է ուղղակի կառավարական ծրագրեր իրականացնել»,- ամփոփեց նա։