ԼՂՀ քաղավիացիայի վարչության ղեկավար, ԽՍՀՄ վաստակավոր օդաչու Դմիտրի Ադբաշյանը հերքել է լուրերը, թե Ստեփանակերտի օդանավակայանի բացումը հետաձգվում է։
Նա NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց, որ օդանավակայանի բացման կոնկրետ ժամկետներ չի հայտարարել։ «Օդանավակայանի բացման ժամկետը չի հաստատվել, դրա համար էլ հետաձգելու ոչ մի բան չկա»,- ասել է վարչության ղեկավարը՝ ավելացնելով, որ օդանավակայանը կբացվի, երբ պատրաստ կլինի անհրաժեշտ ամեն բան։
«Կա սարքավորում, որը կլինի նույնիսկ տարվա վերջին, սակայն այն օդանավակայանի բացման ժամկետների վրա ազդեցություն չի ունենա, դա շատ վատ եղանակի համար նախատեսված սարքավորում է»,- նկատեց Դմիտրի Ադբաշյանը։ Նրա խոսքով, օթերեւութաբանական սարքավորումները տեղ կհասնեն ապրիլի վերջին, իսկ դրանց տեղադրման համար որոշակի ժամանակ կպահանջվի։ «Ես ոչ մի անգամ օդանավակայանի բացման ժամկետ չեմ նշել»,- ամփոփեց Դմիտրի Ադբաշյանը։
Նշենք, որ Ստեփանակերտում օդանավակայան բացելու մտադրությունը բուռն արձագանք էր գտել Ադրբեջանում՝ ընդհուպ մինչեւ օդանավերը ոչնչացնելու խոստումներ տալը։ Ի պատասխան՝ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը մարտի 31-ին հայտարարել էր, որ կլինի Երեւան-Ստեփանակերտ առաջին չվերթի առաջին ուղեւորը:




























