Երեւանի քաղաքապետ Կարեն Կարապետյանն ընդունել է մոսկվաբնակ բարերար Ռուբեն Գրիգորյանին, որի նվիրատվությամբ հիմնանորոգվել է Երեւանի Սպանդարյանի անվան թիվ 24 դպրոցը:
Քաղաքապետարանի մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, քաղաքապետը նշել է, որ նման կամավոր ներդրումներն իսկապես խրախուսելի են եւ անհրաժեշտ: Այս համատեքստում Կարեն Կարապետյանը հյուրին է ներկայացրել վերջերս գործարկված «Օգնիր դպրոցիդ» էլեկտրոնային կայքի նպատակները եւ հանրակրթական դպրոցների աշակերտներին թատրոններ եւ թանգարաններ անվճար այցելության աբոնեմենտներով ապահովելու ծրագիրը, համաձայն որի, յուրաքանչյուր աշակերտ տարվա ընթացքում հնարավորություն ունի 8-12 անգամ անվճար այցելել թատրոններ, թանգարաններ, դպրոցականների ֆիլհարմոնիա:
Կարեն Կարապետյանի խոսքով դպրոցն այսօր յուրաքանչյուրի հոգածության կարիքն ունի եւ եթե ուզում ենք արժանավայել երկրում ապրել, պետք է ունենանք արժանավայել դպրոց:
Ռուբեն Գրիգորյանը նշել է, որ այս կերպ իսկապես լուրջ ներդումներ կարող են ներգրավել դպրոցների հիմնախնդիրների լուծման համար:
Գործարարը առանձնակի կարեւորել է քաղաքապետարանի կողմից հանրակրթական դպրոցների նկատմամբ դրսեւորվող ուշադրությունը:





























