Թուրքիայի քրդական «Խաղաղություն եւ ժողովրդավարություն» կուսակցության առաջնորդ Սելահաթին Դեմիթաշը կուսակցության բոլոր նահանգային եւ շրջանային կառույցներին հրահանգել է բոյկոտել դպրոցներում պարտադրվող աշակերտական երդումը:

Դեմիթաշը նշել է, թե երեխաներին պետք է արգելել այդ ռասիստական երդումին մասնակցելուց: «Դրան չմասնակցելու համար ոչ մի պատիժ նախատեսված չէ: Մեր հայերնակիցներին կոչ եմ անում քաղաքացիական անհնազանդություն ցուցաբերել եւ թույլ չտալ երեխաներին արտասանել այդ երդումը»,-նշել է քուրդ կուսակցապետը` շեշտելով, թե 1934-ին մի թուրք ռասիստի կողմից գրված «զուլում»  երդումը իրենք պարտավոր չեն ընդունել:

Նշենք, որ խոսքը գնում է Թուրքիայի բոլոր դպրոցներում ամեն առավոտ պարտադրվող մի երդման, որը սկսվում է «Ես թուրք եմ, ճիշտ եմ, աշխատասեր եմ» արտահայտությամբ եւ վերջանում «Երջանիկ է նա, ով ասում է թուրք է» արտահայտությամբ: