Կոտ դ` Իվուարի նախագահ Լորան Գբարգոն, ով ապաստանել է ստորերկրյա բունքերում, հրաժարվել է վայր դնել իր լիազորությունները: Այս մասին նա հեռախոսով ասել է ֆրանսիական LCI հեռուստաալիքին:

Գբարգոն շարունակում է պնդել, որ ընտրություններում հենց ինքն է հաղթել, ոչ թե Ալասան Ուատարեն, չնայած որ վերջինիս հաղթանակը ճանաչվել է ՄԱԿ-ի, Աֆրիկական միության,  Ֆրանսիայի եւ մի շարք այլ պետությունների կողմից:

Որոշ տվյալներով` Գբարգոյի եւ Ուատարեի միջեւ բանակցություները շարունակվում են: Ընդդիմությունը պահանջում է, որպեսզի Գբարգոն գրավոր հրաժարվի երկրի ղեկավարի պաշոտնից եւ երկրի նախագահ ճանաչի  Ուատարեին:

Գբարգոն թաքնվել է Աբիջանի իր նստավայրի տակ գտնվող բունքերում, այն բանից հետո, երբ Ուատարեի կողմանիցներն իրենց վերահսկողության տակ էին վերցրել գրեթե ողջ քաղաքը: Ուատարեի ուժերի, ՄԱԿ-ի եւ Ֆրանսիայի համատեղ գործողություններն սկսվել էին երկուշաբթի, որից հետո Գբարգոյի կողմնակիցները դադարեցրել էին դիմադրությունը: