Տնտեսական պաշտպանության մրցակցության պաշտպանության հանձնաժողովը (ՏՄՊՊՀ) կրկին անդրադարձել է գործարար պատգամավոր Սամվել Ալեքսանյանին պատկանող «Ալեքս Գրիգ» ընկերության կողմից անբարեխիղճ մրցակցության դրսեւորման դեպքերին:
Հիշեցնենք, որ օրերս ուկրաինական լրատվամիջոցներում հոդվածներ էին հրապարակվել, որտեղ նշվում են, որ «Ալեքս Գրիգ» ընկերության արտադրած որոշ օղիներ շփոթության աստիճան նման են ուկրաինական գրեթե համանուն օղիներին:
ՏՄՊՊՀ-ն հիշեցնում է, որ 2010 թվականին «Ալեքս Գրիգ» ընկերության հանդեպ հարուցվել է 7 վարչական վարույթ եւ կիրառվել է ընդհանուր առմամբ 3 միլիոն 500 հազար դրամ տուգանք՝այլ ընկերությանը պատկանող ապրանքային նշանին շփոթության աստիճան նման արտադրատեսակներ շուկա հանելու, այլ կերպ ասած՝ անբարեխիղճ մրցակցության դրսեւորման համար:
Նշենք նաեւ, որ Հանձնաժողովի որոշմամբ, «Ալեքս Գրիգ» ընկերությանը հանձնարարվել է դադարեցնել եւ հետագայում եւս բացառել կեղծված ապրանքային նշանների օգտագործմամբ օղու իրացումը եւ հանել այդ ապրանքները շրջանառությունից: Սակայն, ընկերության կողմից դատական կարգով բողոքարկվել են Հանձնաժողովի բոլոր 7 որոշումները եւ այս պահի դրությամբ դրանք գտնվում են դատարանի վարույթում:
Տեղեկացնենք նաեւ, որ ՀՀ «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» գործող օրենքով անբարեխիղճ մրցակցության դրսեւորման համար տուգանքի առավելագույն չափ է սահմանված 500 հազար դրամը: Սակայն, նոր օրենսդրական փոփոխություններով նախատեսվում է զգալիորեն խստացնել անբարեխիղճ մրցակցության դրսեւորման դեպքում կիրառվող պատասխանատվության միջոցները:
Հանձնաժողովը մշտապես հետեւողական է նաեւ այս դաշտում առկա խնդիրների եւ իր կողմից կայացված որոշումների հանդեպ:




























