Ինչից է դժգոհում գյուղնախարարը` չեմ հասկանում, այսօր` ապրիլի 6-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց Հայաստանի բանկերի միության նախագահ Աշոտ Օսիպյանը` մեկնաբանելով գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանի նախորդ օրը խորհրդարանական լսումների ժամանակ հնչեցրած այն միտքը, որ բանկերն ուշացնում են գյուղացիների վարկավորումը:

«Այդ խնդիրը շատ արագ կլուծվի, պետք չէ հայտարարություն անել, պետք է գործ անել: Բանակցությունների ժամանակ կոռեկտ չէ հայտարարություններ անել»,- ասաց Ա. Օսիպյանը;

Օսիպյանին ըստ էության պաշտպանեց «Գառնի ինվեստ» վարկային կազմակերպության ղեկավար, ընդդիմության ներկայացուցիչ Բագրատ Ասատրյանը:  Նրա խոսքով` չպետք էր սպասել ապրիլին` գլխի ընկնելու համար, որ գարնանացան է պետք; «Փողը գնում է այնտեղ, որտեղ իրեն լավ է զգում: Գյուղը այդ տեղը չի»,- ասաց Բ. Ասատրյանը եւ վստահաբար ավելացրեց, որ իր ղեկավարած կազմակերպությունը գյուղատնտեսության վարկավորում չի իրականացնի:

Հիշեցնենք, որ հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանին հանձնարարել էր միջոցներ ձեռք առնել գյուղատնտեսության վարկավորումը ավելի մատչելի դարձնելու համար: