Հայաստանում արտահերթ ընտրությունների միջոցով իշխանափոխությունն անցնելու է առանց որեւէ ցնցումների: Այս մասին ապրիլի 6-ին հայտարարեց Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչ Դավիթ Շահնազարյանը: «Որեւէ մեկը կասկած թող չունենա, որ արտահերթ ընտրություններն անխուսափելի են, որ արտահերթ ընտրություններն են լինելու այս իրավիճակից դուրս գալու միակ ելքը»,-հայտարարեց Շահնազարյանը: Նա նաեւ նշեց, որ եթե իշխանափոխությունը տեղի ունենա միմիայն արտահերթ ընտրությունների միջոցով, գրեթե բացառվում է մարտի 1-ի ողբերգական դեպքերի կրկնությունը:

Ըստ բանախոսի` անցած երեք տարվա ընթացքում ՀԱԿ-ը շատ ճշգրտորեն միշտ հաշվարկել է իր քայլերը: «Եվ նույնիսկ այն պահերին, երբ իշխանությունները կարող էին նման գործողություններ կատարել,  ինչպես մարտի մեկն էր, մենք նրանց երբեք այդ հնարավորությունը չենք տվել»,-հայտարարեց ՀԱԿ ներկայացուցիչը: