«Ժառանգությունն» ու ՀՅԴ-ն Հայ ազգային կոնգրեսին ընդդիմադիր քաղաքական ուժեր են: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ապրիլի 6-ին հայտարարեց Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչ Դավիթ Շահնազարյանը: «Առավել, քան երբեւէ, Հայաստանում այսօր հստակեցված է քաղաքական դաշտը՝ կա իշխանություն, կա միասնական ընդդիմություն` հանձինս ՀԱԿ-ի եւ կան ՀԱԿ–ին ընդդիմություն հանդիսացող քաղաքական եւ հասարակական միավորներ: «Ժառանգությունն ու Դաշնակցությունը քաղաքական դաշտում զբաղեցնում են ՀԱԿ-ին ընդդիմություն լինելու հարթակը, որը, կարծում եմ, նրանց որեւէ հաջողություն չի բերի»,-նկատեց Շահնազարյանը։
Ըստ նրա` նշված քաղաքական ուժերի որդեգրած դիրքորոշումը նրանց լավ քաղաքական ապագա չի խոստանում: « Դա կբերի մարգինալացման. կա´մ կհայտնվեն քաղաքական արխիվում, կա´մ էլ ամբողջությամբ կհայտնվեն իշխանության դաշտում»,-կանխատեսեց ՀԱԿ ներկայացուցիչը։ Նա նաեւ կոչ արեց այդ քաղաքական ուժերին չայրել բոլոր կամուրջները ՀԱԿ-ի հետ։ «Երեւի չարժե այրել բոլոր կամուրջները ՀԱԿ-ի հետ, բայց դա իրենց որոշումն է»,-հայտարարեց ընդդիմադիր գործիչը։
Նա նաեւ հավելեց, որ Հայաստանի ներքաղաքական օրակարգը ձեւավորում է ՀԱԿ-ը:





























