Մոսկվա կինոթատրոնում այսօր` ապրիլի 6-ին ժամը 19:00-ին հանդիսատեսի դատին կհանձնվի առաջին հայկական եռաչափ անիմացիոն ֆիլմը` «Կուկարաչան»: 77 րոպե տեւողությամբ եւ Real ID ֆորմատով ֆիլմը հայ-ռուսական համագործակցության արդյունքում է ստեղծվել «Touch FX» անիմացիոն ստուդիայի եւ «Paradise» ընկերության կողմից:
4 տարի առաջ սկսած նախագիծը հասել է իր ավարտին: Ֆիլմի վրա աշխատել են 15-20 մարդ, ռեժիսորը Արմեն Ադիլխանյանն է, դերերը կրկնօրինակել են Ալեքսադր Գորդոնը, Վլադիմիր Էպիֆանցեւը, Յուրի Ստոյանովը, Նատալյա Լեսնիկովսկայան: Պրոդյուսորներն են Գեւորգ Ներսիսյանն ու Վահե Սարգսյանը: «Կուկարաչա» ֆիլմի բյուջեն 4,5 մլն ԱՄՆ դոլար է:
«Կուկարաչա» բառը իսպաներենից է, նշանակում է շիկահեր խավարասեր: Ֆիլմը խավարասերների մասին է: Ֆիլմի պրոդյուսերը, «Touch FX» անիմացիոն ստուդիայի տնօրեն Վահե Սարգսյանը այսպես է բացատրում թեմայի ընտրությունը. «Խավարասերներն այն կենդանիներն են, որոնց շատերս չենք սիրում, բայց ֆիլմում ցույց ենք տալիս, որ այդ փոքր միջատներն էլ կարող են լինել բարի, ընկերասեր, կարող են սիրահարվել»: Երեխաների համար այն ուսուցողական բնույթ ունի` մարդուն պետք է գնահատել ոչ թե արտաքինով, այլ` էությամբ: Ֆիլմի հիմքում ընկած է ընկերությունը, սերը եւ հաղթանակը:
Վահե Սարգսյանը նշեց, որ երբ իրենք սկսում էին նախագիծը, շատերն էին թերահավատորեն վերաբերում` նշելով, որ Հայաստանում հնարավոր չէ ստեղծել լիամետրաժ եռաչափ ֆիլմ: «Հայաստանում կան շատ խնդիրներ, առաջին հերթին` ֆինանսական: Սկզբից փորձեցինք այստեղ գտնել հովանավորներին, բայց չկարողացանք, միգուցե մեր հայ բիզնեսմենները դեռ չեն պատկերացնում, թե ինչ է իրենից ներկայացնում եռաչափ ֆիլմը եւ փորձեցինք դրսում գտնել մեր պրոդյուսերին»,- ասաց Վ. Սարգսյանը:
Նրա խոսքով`չնայած նախագիծն ավարտվել է, բայց հայկական կինոարտադրության մեջ շարունակում են մնալ նույն խնդիրները` ֆինանսական եւ մարդկային ռեսուրսներ: Իսկ այս ֆիլմը, Վահե Սարգսյանի կարծիքով, կարող է ճանապարհ հարթել հայկական կինոարտադրության համար, ներդրողների ուշադրությունը հրավիրել Հայաստանի վրա:
Պատասխանելով NEWS.am-ի հարցին, թե երբ այսօր նկարահանվում են 5D եւ 7D ֆիլմեր, որքանո՞վ է արդիական 3D ֆիլմի նկարահանումը, «Touch FX» անիմացիոն ստուդիայի տեխնիկական տնօրեն Վարդան Կարապետյանը պատասխանեց. «3D տեխնոլոգիան շատ վաղուց է ստեղծվել, օգտագործվել է դեռ սովետական շրջանում: 5D տեխնոլոգիան կողքից ավելացող էֆեկտներն են` քամու, հոտի, ֆիլմը էլի 3D է մնում:
5D ֆիլմ ստեղծելու համար դուք նորից 3D ֆիլմ եք ստեղծում, իսկ 5D-ի համար անհրաժեշտ է շատ մեծ դահլիճ եւ բազմաթիվ տեխնիկական հնարավորություններ»,- ասաց նա:
Նշենք, որ ֆիլմի պրեմիերան կայացել է Մոսկվայում մարտի 24-ին: NEWS.am-ի հարցին, թե այնտեղ ֆիլմը ինչպիսի՞ արձագանքներ է ունեցել, Վահե Սարգսյանը նշեց, որ եղել է ե’ւ առողջ ե’ւ ոչ առողջ քննադատություն, բայց առաջին շաբաթվա ընթացքում հավաքվեց մոտ 1 մլն դոլար, ինչը գոհացուցիչ է: Թե ինչպիսի ընղունելության կարժանանա «Կուկարաչան» Հայաստանում, «Touch FX» անիմացիոն ստուդիայի տնօրենը չցանկացավ կանխատեսումներ անել` կեսկատակ կեսլուրջ ասելով` «Ինչքան շատ հայերը գան, էնքան շատ կհավաքվի»: Մոսկվայում ցուցադրվելուց հետո հնչել է քննադատություն` կապված ֆիլի սցենարի, անիմացիայի եւ տեխնիկական հարցերի հետ:
Նշենք, որ տոմսերի արժեքը 1000-2000 դրամ է, ֆիլմը կինոթատրոններում կլինի 3 շաբաթ, իսկ դրանից հետո` պահանջարկը ցույց կտա:





























