Ռուսաստանցի բարերար Սամվել Կարապետյանը շատ կոպիտ սխալ է թույլ տվել բնակարաններ նվիրելով ««Տաշիր-2011» համահայկական մրցանակաբաշխության շրջանակներում: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ապրիլի 6-ին հայտարարեց Գրողների միության քարտուղար Հովհաննես Գրիգորյանը: Նա նշեց, որ այդ մրցանակաբաշխության մեջ որեւէ վատ բան չի տեսնում:

«Եթե նա նվիրեր մեքենաներ, որոնք բնակարններից էլ թանկ կլինեին, ապա հասարակության մեջ որևէ աղմուկ չէր բարձրանա: Պատճառն այն է, որ միշտ եղել ենք բնակարանի կարոտ, միշտ հասարակության անդամները ունեցել են բնակարանի պակաս, միշտ մի սենյականոց է ունեցել նա, ով պետք է չորսն ունենար կամ` հակառակը: Մեր աչքը միշտ բնակարանի վրա է եղել»,-ասաց Գրիգորյանը:

Ասուլիսին ներկա դերասանուհի Լալա Մնացականյանն էլ հայտարարեց, թե այդպիսի շոուները բնորոշ են աղքատ երկրներին:  «Ոչ մի հարուստ երկրում նման ճոխ մրցանակաբաշխություն չես տեսնի: Բարեգործություն անելու համար պետք է հոգևոր դաշտով հարուստ լինել: Եթե մարդուն տալիս են մի բան, որն ինքն ունի, ու նա վերցնում է, ուրեմն հոգեբանությամբ աղքատ է»,-հայտարարեց  Լալա Մնացականյանը: Դերասանուհու կարծիքով, «Տաշիր» մրցանակաբաշխությունը ավելի շատ ցուցադրություն էր, քան նվիրատվություն կամ բարեգործություն: